ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի զինծառայողները հունիսի 7-ին զինված ծայրահեղականների հրոսակախմբերի մնացորդներին դուրս են քշել Էլ Քուսեյր քաղաքից (Լիբանանի սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա) դեպի հյուսիս ընկած բնակավայրերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել Է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, ազատագրվել են Դաբաան եւ Բուեյզա աշ Շարկիան, որտեղ զինծառայողները հայտնաբերել են ստորգետնյա թունելներ եւ բունկերներ՝ զենքով, զինամթերքով եւ պայթանյութով: Հարեւան Խիրբեթ Ջումրախում եւ Խիրբեթ Խամամում գրավվել են հակառակորդի թողած հրթիռային կայանքները եւ ռազմափոխադրական միջոցները՝ գնդացիրներով: Ընդհարումների ժամանակ ոչնչացվել եւ գերի են վերցվել տասնյակ զինյալներ, որոնց թվում կան շատ վարձկաններ, հաղորդել Է գործակալությունը:
Ըստ «Ալ Իհբարիա» հեռուստաալիքի տեղեկությունների՝ սկսվել Է ավերված քաղաք խաղաղ բնակիչների վերադարձի աստիճանական գործընթացը: Հոմսի նահանգապետ Ահմեդ Մունիր Մուհամեդը, ելույթ ունենալով հանրահավաքում, հաղորդել Է կառավարության կողմից Էլ Քուսեյրի եւ դրա շրջակայքի վերականգնման ծրագրի մշակման մասին, որտեղ ահաբեկչական կազմավորումների դեմ ամենախոշոր ճակատամարտն Է տեղի ունեցել հակամարտության երկու տարվա ընթացքում: