Հատուկ նախագծեր

«Արարատ 73»-40 տարի անց. Հովհաննես Զանազանյանն իր ու թիմակիցների օրինակով համախմբման կոչ է անում Հայաստանի ազգային ընտրանուն

10 րոպեի ընթերցում

«Արարատ 73»-40 տարի անց. Հովհաննես Զանազանյանն իր ու թիմակիցների օրինակով համախմբման կոչ է անում Հայաստանի ազգային ընտրանուն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլի փառավոր թիմի` «Արարատ»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը թիմակիցներին իր ընտանիքի անդամ է համարել եւ պարտավորվել անձնական օրինակով առաջ տանել թիմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Արարատ»-ի լեգենդար ավագը խոսեց «Արարատ»-ի երկու «գագաթների»` Նիկիտա Սիմոնյան հանճարի եւ մարդու, «արարատցիների» միջեւ տիրող ընտանեկան մթնոլորտի մասին:

«Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել «Արարատ 73»-40 տարի անց նախագիծը, որը տարիների հեռվից հաղորդում է «Արարատ 73»-ի` երբեք չմարող ու սերունդներին հպարտություն պարգևող այդ հաղթանակների մասի իր պատմությունները:

ՀովհաննեսԶանազանյան

Ծնվել է 1946 թվականին: Կիսապաշտպան: Թիմի ավագ: Սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1966 թվականից: 1971 թվականին ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր: Մյունխեն 20-րդ խաղերի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1971-ին եւ 1973-ին ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Հանդես է եկել ԽՍՀՄ եւ Օլիմպիական հավաքականներում: Պարգեւարտվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով: «Արարատի» կազմում մասնակցել է 243 խաղի խփել է 56 գնդակ:

- Պարոն Զանազանյան,Դուք ծնվել եք Աթենքում:Երբ եւ ինչպես եք վերադարձել Հայրենիք:

- Այո, մենք հայրենադարձներ ենք: Հայրենադարձության կոչ է եղել: Դա էլ հնարավորություն է տվել վերադառնալ հայրենիք: Դա 1946 կամ 1947 թվականն էր: Մեր ամբողջ գերդաստանը պապիս, տատիս հետ վերադարձավ հայրենիք: Ես այդ ժամանակ 6 ամսական եմ եղել:

- Դուք ընտրեցիք ֆուտբոլը, թե ֆուտբոլը` Ձեզ:

- Հայրս ֆուտբոլիստ էր: Նա խաղացել էր Հունաստանի բարձրագույն լիգայում: Երբ վերադարձավ հայրենիք, սերը ֆուտբոլի հանդեպ վառ էր: Հայրենիքում էլ շարունակել է ֆուտբոլով զբաղվել: Հանդես է եկել այն ժամանակների տարբեր ակումբներում: Եվ հենց հորս ցանկությամբ էլ գնացի ֆուտբոլի: Շատ էր ուզում, որ ես ֆուտբոլիստ դառնամ: Այնպես, որ ես ֆուտբոլը ժառանգություն եմ ստացել:

-Ինչպես Հովհաննես Զանազանյանը եկավ «Արարատ» եւ ստացավ ավագի թեւկապը:

- «Արարատում» հանդես եմ եկել 1966 թվականից: Չգիտեմ ինչու, բայց ընկերներս յոթ տարի անընդմեջ ինձ էին ընտրում թիմի ավագ:

- Պարոն Զանազանյան, ամեն հանդիպումից հետո ինչպես էիք անդրադառնում խաղին: Սխալները բարձրաձայնելիս իրարից չէիք նեղանում:

-Ամեն անգամ խաղից մեկ օր անց հավաքվում էինք բոլորս` մարզչական անձնակազմ, թիմակիցներ: Երկար քննարկումներից ու կարծիքներ լսելուց հետո բոլորս էինք հասկանում մեր սխալները եւ ճիշտ օգտագործած պահերը: Չէ, իրարից նեղանալ ու խռովել չկար: Իսկ ես, թիմի ավագ լինելով, հստակ գիտակցում էի, որ պետք է լավ օրինակ լինել տղաների համար: Ավագի պարտականությունը նաեւ շատ պարտավորեցնող է: Ինքդ ներքուստ քեզ պատասխանատու ես զգում բոլորի հանդեպ եւ բոլորի փոխարեն:

- «Դինամո» Կիեւ- «Արարատ»-Երեւան գավաթի եզրափակիչ խաղից շատ ժամանակ է անցել: Ինչ ապրումներով է թիմի ավագը հիշում այդ օրը:

- Կարծում եմ` մեզանից առավել գերազանց եւ առավել լավ հիշում են հենց ֆուտբոլասերները: Մենք խաղում էինք միայն ու միայն հաղթանակի համար: Խաղում էինք մեր ազգի անունի ու պատվի համար: Խաղում էինք հայրենակիցներին ուրախություն պարգեւելու համար, անկախ այն բանից, թե նրանք Հայաստանում են ապրում, թե Հայաստանից դուրս: Գիտեինք, որ հետեւում են մեր խաղերին: Ուզում էինք ուրախություն նվիրել ամենքին: Հիմա, երբ տարիների հեռվից համեմատում ենք հանդիպումը դինամոյականների հետ, նրանց երկիրը եւ մեզ` մեր փոքրիկ հայրենիքով, այժմ ավելի ենք հասկանում ու գնահատում մեր հաղթանակի իսկական արժեքը: Մեր հաղթանակը թե առաջնության եւ թե գավաթի խաղերում անօրինակ էր: Այդ տարի կարծես ուրիշ «Արարատ» էր: Անկեղծ ասեմ, մենք արժանի էինք բոլոր մրցանակներին: Իսկապես, շատ լավ մարզավիճակում էինք, բոլորս էլ խաղում էինք միայն հաղթանակի համար: Ասեմ, որ շատ քչերին է հաջողվում դառնալ եւ չեմպիոն, եւ գավաթակիր: Նույնիսկ այն ժամանակների «գրանդ» ակումբները` Կիեւի «Դինամո»-ն, Մոսկվայի 5 թիմերը, Թբիլիսիի «Դինամո»-ն, նման կրկնակի հաղթանակներ չեն ունեցել: 1973 թվականը մեր` «Արարատի» տարին էր:

- Նախկին «արարատցիները» կրկնում են, որ իրենց ականջներում մինչեւ հիմա լսելի է Նիկիտա Սիմոնյանի «կամ` հիմա, կամ` երբեք» խոսքերը:

- Այո: Երբ ավարտվեց խաղի երկրորդ կեսը, մենք 1-1` ոչ-ոքի հաշվով գնացինք լրացուցիչ ժամանակի: Նա ասաց. «Եթե այսօր ամեն ինչ չանեք, ապա վաղը պարտվելու ենք»: (ԽՍՀՄ առաջնությունում, եթե խաղն ավարտվում էր ոչ-ոքի եւ լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չէր արձանագրվում, ապա խաղը տեղափոխվում էր հաջորդ օրը- հեղ.): Մենք կորցնելու էինք ամեն ինչ, եթե խաղը շարունակվեր հաջորդ օրը: Ու մենք այլեւս չէինք նայում, որ սարսափելի հոգնած ենք, այդ խոսքերը մեզ եւ ուժ տվեցին, եւ հանկարծ` վաղը պարտվելու վախ:

-Ձեր կարծիքով, Նիկիտա Սիմոնյանի ներկայությունն ու հեղինակությունը «պարտավորեցրեց» հաղթելու, թե «արարատցիներն» արդեն «Պառնասի ստորոտում» էին:

- Սիմոնյանը Մոկսվայի «Սպարտակ»-ի հետ հասել էր հնարավոր ամեն բարձրունքի: Երբ Սիմոնյանը մարզում էր Մոսկվայի «Սպարտակ»-ը, այդ ժամանակ մենք միշտ հաղթում էինք մոսկվացիներին: Նա մեզ լավ գիտեր: Իսկ երբ եկավ մեզ մարզիչ, սիրում էր կրկնել. « Ձեզ սովորեցնել այլեւս պետք չէ, դուք գիտեք ինչպես խաղալ: Հիմա դուք պետք է խաղաք, ես նայեմ»: Իսկ մենք նվիրվեցինք, քանի որ մեզ մարզում էր ազգությամբ հայ մեկը, ով մեծ հաջողությունների էր հասել եւ որպես ֆուտբոլիստ եւ որպես մարզիչ: Իսկ «Արարատ»-ն արդեն հասել էր «պիկ»-ին: Երբ Սիմոնյանը «Սպարտակ»-ում էր, նրան չէր հաջողվում հաղթել մեզ: Հիմա հերթը հասել էր նրան, որ «Արարատ»-ը հաղթեր «Սպարտակ»-ին: Գիտեք, ես միշտ Սիմոնյանին համեմատում եմ դպրոցի ուսուցիչների հետ. եթե դպրոցում որոշ դասատուներին հաջողվում է լավ մատուցել դասը, ուրեմն աշակերտներն էլ լավ էին սովորում: Այդպես էլ Սիմոնյանին էր հաջողվում լավ «կարդալ խաղը» մեզ համար հասկանալի ձեւով եւ ճիշտ խորհրուրդներ տալ: Նա հրաշալի մարդ է, երբեք չլսեցինք,որ նա բարձրաձայն խոսի, լուրջ եւ սրտացավ անձնավորություն է:

- Ինչպես էր Զանազանյան ավագին հաջողվում առաջ տանել թիմը:

-Առաջին հերթին խաղով: Ես փորձում էի իմ օրինակով տղաներին համախմբել: Չնայած մեր տղաներից յուրաքանչյուրն արդեն պրոֆեսիոնալ էր, իր գործի գիտակ: Մենք խաղում էինք «մեկը` բոլորի, բոլորը` մեկի համար» կարգախոսով: Տղաները խաղում էին իրենց մեջքին գրվածի համարի համար, հրաշալի հասկանալով, որ պահեստայինների շարքում իրենց փոխարինող կա: Լինում էին տարաձայնություններ, բայց մենք հասկանում էինք, որ մի մեծ ընտանիք ենք: Մենք հասունացել, աճել ու կայացել էինք, իրար լավ էինք հասկանում, որովհետեւ գրեթե հասակակիցներ էինք:

- Հիմա, թե ֆուտբոլում եւ թե ամենուր տարածվել է «աստղային հիվանդություն» ասվածը: «Արարատցիները» չտառապեցին այդ «հիվանդությամբ»:

- Գուցե չհավատաք, բայց տղաներից ոչ մեկ չուներ այդպիսի միտք: Մեզանից առաջ եւ մեզանից հետո եկած ֆուտբոլիստներն ունեցան նման դրսեւորումներ` ինքնահավանություն եւ մեծամտություն, սակայն մենք` ոչ: Ասեմ, որ նման ֆուտբոլիստներ ունեցող թիմերը շատ շուտ խարխլվում են:

- Հիմա Զանազանյան ընտանիքում որեւէ մեկը ֆուտբոլով զբաղվում է:

- Թոռնիկս դեռ փոքր է` 4 տարեկան: Նա իմ անունն է կրում, փոքրիկ Հովհաննես Զանզանյանն է: Ես ինքս մեծ ցանկություն ունեմ նրան տեսնել մարզադաշտում: Ժամանակին տղաս էր զբաղվում ֆուտբոլով: Այժմ նա անցել է մարզչական գործին:

- Ինչ կասի պարոն Զանազանյանը այսօրվա մեր ֆուտբոլի մասին:

- Մեր հավաքականը լավն է, տղաներն էլ հայկական ծագումով են: Բայց, երբ գալիս են այլ ակումբներից, եւ իրար հետ քիչ ժամանակ են անցկացնում, այստեղ է,որ ցանկալի արդյունքը չի լինում: Իմ կարծիքով` մի քանի օր իրար հետ ուսումնամարզական հավաք անցկացնելով մեծ հաջողությունների չես հասնի: Տղաները պարզապես պիտի իրար հետ շատ երկար ժամանակ մարզվեն, որպեսզի լավ հասկանան իրար: Իսկ մեր ազգային առաջնության դժվարությունն այն է, որ այն դեռ լավ զարգացած չէ եւ դեռ չի կարողանում ազգային հավաքականին լավ համալրում կատարել: Կարծում եմ, կգա դրա ժամանակը եւս: Իսկ մեր տղաները կարող են սովորել նաեւ համաշխարհային ֆուտբոլի վառ դեմքերից:

Հովհաննես Զանազանյանի հուշերը երախտագիտությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը

Լուսանկաները` «Արմենպրես»-ի արխիվից եւ Սամվել Բերքիբեկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում