ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգեբանների ծառայություններից օգտվողների շրջանում շատացել են տղամարդիկ, ովքեր կասկածում են իրենց կանանց վիրտուալ «դավաճանությունների» մեջ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը: «Փոխվել է իրականությունն, ու մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, ուր ինտերնետն ու սոցիալական ցանցերը վտանգում են մարդկային կյանքը»,-ասաց Նալչաջյանը: Չնայած այս ամենին` հոգեբանը շատ է կարևորում ինտերնետի դերը մարդկանց կյանքում ու նշում, որ «ինտերնետն ու սոցիալական ցանցերը կարող են հզոր ուժ լինել ու ծառայեցվել մեր օգտին, եթե դրանք ճիշտ օգտագործենք»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ համացանցի հայկական հատվածի տեղեկատվական անվտանգության խնդիրները բաժանում է երկու խմբի` տեխնիկական ու տեղեկատվական-հոգեբանական: Սավել Մարտիրոսյանը վերհիշում է անցյալ տարի համացանցում հայտնված «Կարմիր հոկտեմբեր» վիրուսային ծրագիրը, որը ներթափանցել էր տարբեր երկրների պետական և դիվանագիտական մարմինների համակարգչային ցանցեր ու հասանելիություն ունեցել գաղտնի ինֆորմացիայի: Այդ երկրների թվում էին ԱՄՆ-ն, Ռուսաստանը, ինչպես նաև Հայաստանը: «Պարզ չէ, թե ինչ բնույթի տեղեկություններ են գողացվել և ում կողմից, քանի որ հետագա զարգացում չի ունեցել ինդիրը»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Անդրադառնալով վերջերս սոցիալական ցանցերում օրինաչափ դարձած խարդախությունների դեպքերին ու հասարակության վրա դրանց թողած ազդեցությանը` Մարտիրոսյանը նշեց, որ հիմնական խնդիրը առաջանում է համացանցից օգտվող մարդկանց իրազեկվածության ցածր մակարդակից: «Պրոբլեմը նրանում է, որ սոցիալական ցանցերը ամենապարարտ հողն են ստեղծում խաբեությունների համար: Մարդիկ այստեղ հաճախ չեն տարբերում ռեալ իրականությունը վիրտուալից: Եվ բախվում ենք այն փաստի հետ, որ համացանցից և, հատկապես, սոցիալական ցանցերից օգտվողները չունեն տարրական համակարգչային գրագիտություն»,-ասաց ՏՏ մասնագետը:
Այս առնչությամբ հոգեբան Կարինե Նալչաջյանը նշում է, որ եթե մի քանի տարի առաջ խաբեությունների ու շանտաժի միջոցով դրամաշորթության դեպքերը հազվադեպ էին ու զարմանալի, ապա այսօր դրանք դարձել են սովորական ու օրինաչափ: Խնդիրը նրանում է, որ մարդիկ կարծում են, թե ապահովագրված են նմանատիպ վտանգներից: «Մարդկանց թվում է` վատ բաներն ուրիշների հետ են միայն պատահում, ու կորցնում են զգոնությունը»,-ասաց Նալչաջյանը: Հոգեբանի խոսքերով` նշվածը ինքնապաշտպանական ռեակցիա է, բայց դրա չափազանցումը բերում է այնպիսի վիճակի, որ մարդիկ ամեն քայլին դառնում են այս կամ այն խաբեության կամ քարոզչության զոհը:Այս առումով մեծ է նաև թշնամու քարոզչական ազդեցության զոհը դառնալու վտանգը:
Սամվել Մարտիրոսյանն առաջարկում է տեղեկատվական անվտանգության մակարդակը բարձրացնել բազմաթիվ խնդիրների վերաբերյալ հանրությանը իրազեկման միջոցով: Այն կատարել դպրոցներից սկսած, իսկ արդեն բարձր տարիքի անձանց համար կազմակերպել հատուկ դասընթացներ, հայտարարել միամսյակներ, որոնց ժամանակ կներկայացվեն համազանցից անվտանգ օգտվելու սկզբունքները: