Հասարակական

Հանրապետության տոնը քաջալերության, միասնության և համախմբումի խորհուրդն ունի. Գարեգին Բ

2 րոպեի ընթերցում

Հանրապետության տոնը քաջալերության, միասնության և համախմբումի խորհուրդն ունի. Գարեգին Բ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, կաթողիկոսի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով:

Հայաստանի Հանրապետության հռչակումը մայիսյան հերոսամարտերից հետո, արգասիքն էր մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու բաղձանքի և հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների ու պայքարի: Հանրապետության տոնը քաջալերության, միասնության և համախմբումի խորհուրդն ունի, որ պիտի առաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ և զորացնի մեր ժողովրդին` ամբողջական նվիրումով ծաղկուն դարձնելու հայրենի մեր երկիրը և իրագործելու մեր նախնյաց տեսիլքներն ու լուսավոր հույսերը:

Այսօր, ինչպես մայիսյան հերոսամարտի օրերին, մեր սրտերում թող հնչեն հայոց եկեղեցիների զանգերը` կոչելով ամենքիս աստվածպաշտության, հայրենանվեր ծառայության, եղբայրասիրությամբ ազնիվ ու քաջարի գործերի:

Փրկչի Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք, որ Աստված խաղաղության մեջ պահի Հայոց մեր երկիրը և Իր առատ շնորհներով բարեզարդի հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր զավակների կյանքը այսօր և հավիտյան»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում