Մեր աղոթքն է, որ Ամենակարող Տերը զորացնի ձեզ հավատքով և իմաստությամբ շնորհազարդի. Գարեգին Բ-ն շնորհավորել է շրջանավարտներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին` Վերջին զանգի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, կաթողիկոսի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Լուսո խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով ողջունում և Մեր օրհնությունն ենք բերում ուսումնական հաստատությունների շրջանավարտներին «Վերջին զանգի» տոնական առիթով:
Սիրելի շրջանավարտներ,
Ավարտելով ուսումնառության շրջանը` դուք այսօր Տիրոջ կամքով կյանքի մի նոր հանգրվանի եք հասել: Ձեր առջև բացվում են լայն ճանապարհներ, որոնցով դուք` երիտասարդներդ, պիտի ընթանաք դեպի իրագործումը նվիրական ձեր իղձերի ու երազանքների: Նոր հաջողությունների ու ձեռքբերումների ճանապարհներին ձեր առջև հառնելու են նաև նոր խնդիրներ, գուցե և` դժվարություններ: Ահա թե ինչու բոլոր այդ ճանապարհների համար սաղմոսերգուն պատվիրում է Տիրոջ խոսքով առաջնորդվել. «Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ Քո խոսքերը պահելով» (Սաղմոս 118:9):
Մեր աղոթքն է, որ Ամենակարող Տերը զորացնի Ձեզ հավատքով և իմաստությամբ շնորհազարդի` գտնելու կյանքի ճշմարիտ ճանապարհները, լինելու ազնիվ զավակներն ու արժանավոր քաղաքացիները մեր երկրի ու ժողովրդի: Մաղթում ենք ձեզ բարի և լուսավոր ապագա, արդար ու քաջարի գործեր:
Հայրապետական մեր սերն ու գնահատանքն ենք բերում նաև կրթության ոլորտի երախտավոր մշակներին և ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել մեր ժողովրդի զավակներին կրթելու և բարձր արժանիքներով դաստիարակելու համար: