Հատուկ նախագծեր

«Արարատ 73-40 տարի անց». լեգենդար Նորիկ Մեսրոպյանը հաջողության գաղտնիքն է փոխանցում Հայաստանի հավաքականին

9 րոպեի ընթերցում

«Արարատ 73-40 տարի անց». լեգենդար Նորիկ Մեսրոպյանը հաջողության գաղտնիքն է փոխանցում Հայաստանի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ 73»-ի նվաճումներն իրենց գործին մեծ պատասխանատվությամբ մոտեցող մասնագետների աշխատանքի արդյունքն էին. պաշտպանը գիտեր պաշտպանության դերն ու կարեւորությունը, հարձակվողը` գրոհների վերջնական արդյունքի` գոլի անհրաժեշտությունը: Եթե անգամ ժամանակը փորձի ինչ-որ չափով մոռացության շղարշի տակ առնել «Արարատ 73»-ը, միեւնույն է, հայկական ֆուտբոլի այդ անմոռանալի էջը եղել եւ մնում է մեր հաղթական ձեռքբերումներից մեկը:

«Արմենպրես»-ն այս անգամ կներկայացնի Երեւանի «Արարատ»-ի հաղթանակի 40 ամյակին նվիրված շարքի հերթական հերոսին` «Արարատ 73»-ի աննկուն պաշտպան Նորիկ Մեսրոպյանին, ով այժմ իրեն համարում է ֆուտբոլի թոշակառու երկրպագու եւ անվերապահորեն հավատում է ազգային հավաքականի հաջողությանը:

Պատմում է Նորիկ Մեսրոպյանը:

Ծնվել է 1946 թվականին: Պաշտպան: Սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1966 թվականից: 1965 թվականին «Ա» խմբի երկրորդ ենթախմբի առաջնության ոսկե մեդալակիր: 1971 թվականին ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 եւ 1975 երկրի գավաթակիր, իսկ 1973 նաեւ առաջնության ոսկե մեդալակիր: 1971 եւ 1973 ընդգրկվել է երկրի 33 լավագույն ֆուտբոլիստների կազմում: Հանդես է եկել ԽՍՀՄ Օլիմպիական հավաքականում: Մասնակցել է 243 հանդիպման, դարձել 3 գոլի հեղինակ:

- Պարոն Մեսրոպյան, ինչպես եկաք «Արարատ»:

- Մինչ «Արարատ» գալս ես խաղում էի Հայաստանի պատանիների հավաքականում: ԽՍՀՄ դպրոցականների սպարտակիադայում զբաղեցրինք երկրորդ տեղը, ինձ եւ մի քանի տղաների կանչեցին «Արարատ»: Դա 1964 թվականն էր: Այդ ժամանակ «Արարատ»-ը մարզում էր Գեորգի Ժարկովը: Մի քանի խաղ մնացի փոխարինողների նստարանին, հետո միայն դարձա հիմնական կազմի անդամ: Իսկ արդեն 1965-ից, երբ Ալմա Աթայում հաղթեցինք «Կայրաթ»-ին, տեղափոխվեցինք Բարձրագույն լիգա: «Արարատ»-ում մնացի մինչեւ 1978 թվականը` հասցնելով դառնալ կրկնակի գավաթակիր, արծաթե եւ ոսկե մեդալակիր:

- Հեշտ էր ընդգրկվել հիմնական կազմում:

- Այն ժամանակ շատ դժվար էր հիմնական կազմում ընդգրկվելը: «Արարատ»-ում խաղում էին ֆուտբոլիստներ, ում նայելուց անգամ զգաստանում էիր: Պետք է գնահատեիր, թե ում հետ ես խաղում` Հովիվյանը, Անտոնյանը, Սուփրիկյանը, Մաթեւոսյանը եւ շատ շատերը: Այն ժամանակ 18 տարեկան էի, եւ նրանց ասածներն ինձ համար մի տեսակ օրենք էին: Խաղադաշտում կարծես երկրորդ մարզիչ լինեին: Ինձ համար միևնույնն էր, թե ում հետ ենք խաղում` Մոսկայի «Սպարտակ»-ի, Կիեւի «Դինամո»-ի կամ «Զենիթ»-ի, խաղում ենք, ուրեմն պիտի հաղթենք:

- Ձեր հիշողության մեջ ինչպես էմնացել այդ հաղթական 1973 թվականը:

- Գիտեք, ամեն ինչ մի կողմ, բայց 1973-ը միշտ հիշում եմ, որովհետեւ գավաթի եզրափակիչ խաղում իմ պատճառով նշանակվեց 11 մետրանոց տուգանային հարվածը: Դա նույնիսկ ֆուտբոլասերները չեն մոռացել, մինչեւ հիմա, երբ փողոցում տեսնում են, ասում են. «Հա, Արարատից Նորիկը, էն որ «պենալ» սարքեց»: Ես էլ եմ դա մինչեւ հիմա հիշում, նրանք էլ են հիշում: Ցավում եմ, բայց նրանք չեն հիշում, թե քանի անգամ է Մեսրոպյան Նորիկը թիմը գոլից փրկել: Ավելացնեմ, որ դրանից հետո ոչ Սիմոնյանը, ոչ էլ տղաները մի բառ անգամ չասացին, գիտեմ իրենք էլ չէին մոռանում, բայց ինձ ոչինչ չասացին:

Լավ էր, դրանից երեւի մոտ մեկ ժամ հետո Իշտոյանը խփեց առաջին գնդակը: Գոլից հետո ամենաշատը երեւի ես ուրախացա: Լրացուցիչ խաղից առաջ Սիմոնյանը հանդերձարանում ասաց. «Տղաներ, շարունակեք խաղալ այնպես, ինչպես խաղացիք գոլը խփելու ժամանակ»: Ոգեւորված խփած գնդակով` արդեն համոզված էինք, որ դեպի հաղթանակ տանող ուղին բաց է մեր առաջ: Ես նման էի գործարանի այն բանվորին, որը դառնում է վարիչ եւ հետո էլ` տնօրեն: Մենք նպատակ էինք դրել, ու այդ տարի հասանք մեր նպատակին: Հսկայական Խորհրդային Միությունում հաղթել էինք այնպիսի թիմերի, որոնք արդեն եվրոպական ու միջազգային համբավ ունեին: Երեւի մեզնից ավելի շատ մեր ազգն էր ուրախանում այդ հաղթանակով:

- Ինչպես էիք պատրաստվում խաղին, Ձեր ներքին ձայնը Ձեզ ինչ էր հուշում:

- Միշտ խաղադաշտ մտնելիս յուրաքանչյուր ֆուտբոլիստ մտածում է հաղթանակի մասին: Դա լինի հանդիպում տանը, թե` հյուրընկալվելիս: Միեւնույնն է, միշտ էլ մտածում ես հաղթելու մասին: Պարտությունն էլ մի խաղացողի պատճառով չի լինում: Թիմային խաղերում գործում է «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի» կարգախոսը:

- Մեկ տարում երկու խոշոր հաղթանակ, սա Ձեր ասած կարգախոսի արդյունքն էր:

- Գիտեք, այն ժամանակ ԽՍՀՄ բարձրագույն լիգայում մենք միայն «Արարատ»-ն ունեինք: Եվ մեր հանրապետության բոլոր շրջաններն աշխատում էին մեկ թիմի համար: Այն ժամանակ թե Շիրակի, թե Կապանի եւ թե մյուս շրջաններն աշխատում էին հենց այդ ուղղությամբ` «Արարատի» համար կադրեր պատրաստելով: Կարծում եմ` այժմ էլ այդպես պետք է առաջնորդվեն բարձրագույն խմբում հանդես եկող 8 թիմերը: Նրանց հիմնական նպատակը պետք է լինի ազգային հավաքականին կադրեր տալը:Այո, կարծում եմ, որ մեր միասնությունն էր մեր հաղթանակների գրավականը:

- 16 տարիների ընթացքում Դուք ոչ մի կարմիր քարտ չեք ստացել, ինչպես հաջողվեց դա Ձեզ:

- Այո, պաշտպան լինելով, ես ընդամենը մեկ դեղին քարտ եմ ստացել: Թեեւ կտրուկ խաղացող էի, բայց կոպիտ չէի կարողանում խաղալ: Մի բան էլ երբեք չսովորեցի` «խփել» մրցակցին: Միանգամից կռահում էի, թե հարձակվողը որ ուղղությամբ է գնալու, միաժամանակ կարողանում էի վարպետորեն խլել գնդակը: Այդպես էլ մրցավարներին չչարչարեցի, որ ձեռքերը գրպանը տանեին:

-Դուք երկար տարիներ եղել եք «Արարատ»-ի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկը: Տարիների փորձը Ձեզ իմաստնություն է տվել: Ինչպիսին եք տեսնում ազգային հավաքականի ապագան:

- Ուզում եմ տեսնել Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն դարձած: Անշուշտ, մենք միայն լավն ենք ուզում տեսնել, ուզում ենք, որ մեր հավաքականը միշտ հաղթի: Գիտեք` ինչ կուզեի, ինչպես դուք եք մեզ հիշում արդեն 40 տարի անց, այդպես հիշելի մնա մեր այսօրվա հավաքականը: Նրանց էլ մի օր ձեռքերի վրա պահելով բերեք օդանավակայանից: Հավատում եմ, որ մի օր կլինի դա: Առայժմ մենք ինչ ունենք, մարզիչը նրանց էլ օգտագործում է: Չունենք որեւէ մեկին, ով խաղում է Եվրոպայում, կամ այնտեղ խաղացող մեկը, ում ազգանունն ավարտում է «յան»-ով, ում կարելի կլինի հրավիրել հավաքական: Տարբեր թիմերում հանդես եկող մեր տղաներն ընդամենը մի քանի օր են հավաքականում միասին պարապում: Սա էլ է բացասաբար անդրադառնում նրանց խաղի վրա: Էլի շատ ուրիշ պատճառներ կան, բայց հիմա պետք չէ պարտությունից հետո մեղքը բարդել մարզիչի վրա: Ես շատ վստահ եմ, որ տեսնելու ենք հաղթանակներով նրանց վերադարձը: Ես սա հավատով ու համոզված եմ ասում:

- Այսօր ինչով է զբաղվում պարոն Մեսրոպյանը:

- Հիմա արդեն հեռացել եմ սպորտից, թոշակառու եմ: Ամեն մի ֆուտբոլիստ օժտված չէ խաղային կարիերայի ավարտից հետո մարզիչ դառնալ: Եթե ցանկություն լիներ մարզիչ դառնալ, ապա վհստահորեն կարող էի: Մարզվել եմ մոտ 10 անվանի մարզիչների մոտ: Նրանցից սովորածը «մեծ դպրոց» էր, կկարողանայի հաջողակ մարզիչ դառնալ: Անկեղծ ասած, քանի որ իմ մեջ մարզչական ջիղ չկա, մնացի միշտ պաշտպան: Հիմա ֆուտբոլի թոշակառու-երկրպագու եմ:

Նորիկ Մեսրոպյանի հուշերը երախտագիտությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը:

Լուսանկաները` «Արմենպրես»-ի արխիվից եւ Սամվել Բերքիբեկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում