«Արարատ 73»-40 տարի անց. Արմեն Սարգսյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որքան մանրամասնում ենք «Արարատ 73»-ի հաղթանակները, այդքան բացահայտում ենք նոր ու հաճելի փաստեր եւ իրադարձություններ, որոնց մասին այսօրվա ֆուտբոլասերը չգիտի:

«Արմենպրես»-ի շարունակում է տարիների հեռվից ներկայացնել «Արարատ 73»-ի երբեք չմարող, սերունդներին միշտ հպարտություն պարգևող այդ հաղթանակների նոր մանրամասները: Դրանք «երեկվա թարմությամբ» պատմում են և հերոսները և այդ օրը տոն դարձրած ականատեսները:

Պատմում է Արմեն Սարգսյանը:

Ծնվել է 1953 թվականին: Պաշտպան: Սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1972 թվականից: 1973թ. երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր: 1973 թվականին նվաճել է «Սմենա» ամսագրի լավագույն դեվժբյուտանտի մրցանակը: Հանդես է եկել ԽՍՀՄ ազգային հավաքականում: Պարգեւատրվել է ՀՍՍՀ Գերագույն պատվոգրով: Մասնակցել է 25 խաղի:

-Ինչպես եկաք «Արարատ»:

- Ես խաղում էի Հայաստանի երիտասարդական հավաքականում: Այն ժամանակ ԽՍՀՄ-ում անցկացվում էին սպարտակիադաներ, դա էլ մեր օլիմպիական խաղերն էին: 1971-ին մեր երիտասարդականը դարձավ ԽՍՀՄ սպարտակիադայի չեմպիոն: «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Նիկոլայ Գլեբովը մեր թիմից մի քանի հոգու ընդգրկեց «Արարատ»-ի փոխարինողների կազմում: 6 հանդիպումներում փոխարինող եմ եղել: 1972-ին արդեն հիմնական կազմում էի:

-Դուք «Արարատ»-ի հիմնական կազմում էիք, երբ Նիկիտա Սիմոնյանը ստանձնեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Որքանով ազդեց նրա ներկայությունն ու վարպետությունը թիմի վրա:

-Մինչեւ Նիկիտա Սիմոնյանի գալը մենք արդեն կուռ կայացած թիմ ունեինք: Նա բնավորությամբ կիրթ եւ հանդարտ մարդ է: Նիկիտա Պավլովիչը ԽՍՀՄ տարբեր թիմերում էր խաղացել, բազմակի չեմպիոնի տիտղոս ուներ: Նրա հետ հաղորդակցվելը եւ հետաքրքիր, եւ ուսանելի էր, եւ ոչ միայն ֆուտբոլում: Բացի մարզական վարպետությունից, նա մեզ տվեց ամենակարեւորը` հավատը սեփական ուժերի նկատմամբ: Մեզ համար տեսանելի դարձրեց այն նպատակը, որի համար դաշտ էինք մտնում. դա հաղթելն էր: Նա մեր թիմային խաղն ամրացրեց:

Մոսկովյան հանդիպումների ժամանակ, երբ հանդերձարան էին գալիս Մոսկվայի նրա հայ ընկերները` Էդմոնդ Քեոսեյանը, Արմեն Ջիգարխանյանը, մյուսները, մեզ ավելի ուժ ու հպարտություն էին պարգեւում: Երկար ժամանակ մենք Մոսկվայում պարտություն չկրեցինք: Նույնիսկ «Ագրեսիվ հյուր» մրցանակ ենք ստացել:

Մեր խաղը համեմատում էին բրազիլացիների խաղի հետ: Երբ դաշտ էինք մտնում, ասում էին բրազիլացիներն են խաղում: Սա ինքնագովեստ չէ, նույնիսկ ժամանակի մամուլն էր այդպիսի վերնագրերով նյութեր տպում:

-Եկավ 1973 թվականը, որը դարձավ հայկական ֆուտբոլի ոսկետառ էջը: Ինչպես եք հիշում այսօր այդ թվականը:

-Անկեղծ ասած, գավաթի խաղից հետո անձամբ ես դեռ չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Խաղավարտից րոպեներ առաջ, երբ շատ ֆուտբոլասերներ արդեն հեռանում էին ստադիոնից, հանկարծ այդ հարյուր հազարանոց «Լուժնիկի»-ը որոտաց ուրախությունից: Իշտոյանի խփած գոլը նրանց հետ բերեց: Նրանք, իհարկե, խփած գոլը չտեսան, բայց մեր հաղթանակը տեսան: Մենք 1975-ին էլ ԽՍՀՄ գավաթը նվաճեցինք, բայց ուրիշ էր 1973-ը:

Մենք ուրախ էինք, որ հաղթել ենք: Բայց հետո, երբ վերադարձանք Երեւան, նոր միայն հասկացանք, թե ինչ ենք արել, եւ ինչ էր այդ հաղթանակը: Ազգովի էինք հաղթել եւ ազգովի էլ տոնում էինք: Թիմից ավելի ուրախ ու հպարտ էր մեր ժողովուրդը:

-Դուք «Արարատ»-ում պաշտպանի թիվ 3 մարզաշապիկն եք կրել: Երբ պարտվում է թիմը, ասում են պաշտպանությունն էր թույլ: Դուք դրանից չէիք վիրավորվում:

-Դարպասապահը դարպասն է պահում, պաշտպաններն էլ` նրան: Բայց դարպասը պահելու այսպես ասած «հոգս»-ը ամբողջ թիմինն էր, հաղթանակն էլ` բոլորինը: Վիրավորվելու հարկ չկա. եւ հաղթանակը, եւ պարտությունը մեկինն է, եւ այդ մեկը թիմն է: Այո, պաշտպանը պետք է այնպես անի, որ խափանի հակառակորդի գրոհները, այսպես ասած` վնասազերծի դարպասին մոտեցող մրցակցին:

-Ասում են` «Արարատ»-«Բավարիա» խաղից հետո Գերտ Մյուլլերը «գանգատվել է» Ձեզանից:

-Խաղը Երեւանում էր: «Բավարիա»-ն այդ տարի բազմաթիվ տիտղոսներ էր նվաճել, իսկ Մյուլլերը, ով եղել էր աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, արժանացել էր «Ոսկե գնդակ»-ի, երբեք դաշտից չէր հեռացել առանց գոլ խփելու: «Հրազդան» մարզադաշտում չկարողացավ: «Սովետսկի սպորտ» թերթին տված իր մի մեծ հարցազրույցում «մեղքը» գցել էր ինձ վրա: Այդ հանդիպման ժամանակ ինձ հաջողվում էր խափանել ու կասեցնել նրա գրոհները:

-Այսօր Դուք Միացյալ Նահանգներում մարզում եք երկու տարիքային խմբի ֆուտբոլիստների: Սովորեցնում եք եվրոպական ֆուտբոլ: Ամերիկյան ֆուտբոլն այլ է. այդտեղ եվրոպական ֆուտբոլը տարածում չունի, եւ կարծես թե չեն սիրում:

-Ոչ, այդպես չէ: Նախ Յուրա Մովսիսյանը ԱՄՆ-ից է եկել: Հետո գիտեք, որքան ես նկատել եմ, այստեղ կա ֆուտբոլասերներ ու հանդիսատես կորցնելու վախը: Այ դրանք էլ խանգարում են Նահանգներում եվրոֆուտբոլի տարածմանը: Ամբողջ Հարավային Ամերիկան`Բրազիլիա, Արգենտինա եւ այլն, եվրոպական ֆուտբոլով հիացնում է աշխարհին: Իսկ, ինչպես գիտեք, ֆուտբոլիստին գեղեցիկ խաղ եւ հաղթանակ «պարտադրում» է հանդիսատեսը, նա է առաջինը գնահատում մեր խաղը: Բացի դրանից, նա նաեւ տոմսերն իրացնողն է, որն այսօր դարձել է խաղերի համար գերխնդիր:

Արմեն Սարգսյանի հուշերը երախտագիտությամբ գրի առավՎարվառաՀայրապետյանը

Հայերեն English Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը