Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ Ոտնլվայի արարողություն է կատարվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Էջմիածնի մայր տաճարում կատարվել է Ավագ հինգշաբթի օրվա խորհուրդներից մեկը` Ոտնլվայի արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, արարողության ընթացքում ընթերցվել են Սուրբ Գրքից հատվածներ, ապա Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատը, որից հետո Նորին Սրբությունը խաչով ու Ավետարանով օրհնել է խորանի վրա դրված ջուրը և յուղը: Ապա, մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծնկի է եկել և շարականների երգեցողության ներքո լվացել ու յուղով օծել տասներկու անձանց ոտքերը: Նրանց թվում են եղել եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, սարկավագներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի աշակերտներ, զինվորներ և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ մի մանուկ: