Սփյուռք

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կօժանդակի սիրիահայերին. Արամ Ա Կաթողիկոս

3 րոպեի ընթերցում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կօժանդակի սիրիահայերին. Արամ Ա Կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մարտի 10-ի առավոտյան Սուրբ պատարագից հետո իր մոտ է հրավիրել Լիբանանում ժամանակավորապես հաստատված մի խումբ սիրիահայերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Վեհափառ Հայրապետը նրանց հետ հանդիպման ժամանակ քննարկել է նրանց ապրելակերպի եւ գործերի, ինչպես նաեւ երեխաների կրթության հարցերը: Սիրիահայերի դժվարությունների եւ կարիքների մասին տեղեկանալուց հետո Վեհափառ Հայրապետը նշել է. «Սիրիական տագնապի առաջին իսկ օրերից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն իր ազգային կենտրոնական վարչության հետ միասին եղել է սիրիահայերի կողքին: Կազմակերպել ենք հանգանակություններ, որոշ գումար ենք փոխանցել, եւ այսպես պիտի շարունակվի այնքան, քանի դեռ սիրիահայ մեր ժողովուրդը լուրջ կարիքի մեջ է:

Մենք բարձր ենք գնահատում մեր թեմերի, գաղութների, անհատների գործունեությունը, որոնք սիրով ընդառաջել են սիրիահայերին օժանդակելու մեր կոչին: Այս առիթով մենք գնահատում եւ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությանը, Ամենայն Հայոց կաթողիկոսին կատարած օժանդակության համար: Սիրիահայ գաղութը հատուկ կարեւորություն ունեցող գաղութ է մեր ժողովրդի կյանքում, հետեւաբար մեր սպասումն է, որ սիրիահայության օժանդակությունը նոր թափով շարունակվի:

Ինչպես հաճախ շեշտել ենք, սիրիահայության ներքին միասնականության ամրապնդումը հրամայական է: Միասին լինելը, միասին խորհրդակցելը եւ միասնաբար ծառայելը մեր ժողովրդին առաջնահերթ տեղ պետք է գրավի մեր կյանքում: Առանց խտրականության պետք է օժանդակել Սիրիայի զանազան շրջաններում հաստատված եւ հատկապես աջակցության կարիք ունեցող մեր ժողովրդի զավակներին:

Սիրիահայության վերականգնումը համազգային առաջնահերթություն է: Վստահ ենք, որ այս գիտակցությամբ պետք է շարունակեն գործել մեր զավակները: Հայաստանում եւ Լիբանանում հաստատված մեր ժողովրդի զավակները ապահովության վերականգնումից հետո պետք է վերադառնան Սիրիայի իրենց բնակարանները»:

Վեհափառ Հայրապետն իր երախտիքը հայտնել է լիբանանահայերին, ովքեր հնարավոր ամեն ինչ անում են օգտակար լինելու Լիբանանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում