Հատուկ նախագծեր

«Արարատ 73». Նիկոլայ Ղազարյանն իր թիմը նմանեցնում է այսօրվա «Բարսելոնա»-ին

6 րոպեի ընթերցում

«Արարատ 73». Նիկոլայ Ղազարյանն իր թիմը նմանեցնում է այսօրվա «Բարսելոնա»-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կան պահեր ու վայրկյաններ, որոնք հավերժ մնում են պատմության մեջ: Եվ կան մարդիկ, ովքեր այդ պահերի վկաներն են և բեկում են պատմության, մեր դեպքում` հայկական ֆուտբոլի պատմության ընթացքը:

Շարունակում ենք տարիների հեռվից ներկայացնել «Արարատ 73»-ի երբեք չմարող, սերունդներին միշտ հպարտություն պարգևող այդ հաղթանակների նոր մանրամասները: Դրանք «երեկվա թարմությամբ» պատմում են և հերոսները, և այդ օրը տոն դարձրած ականատեսները:

Պատմում է Նիկոլայ Ղազարյանը:

Ծնվել է 1947թվականին: Հարձակվող: Սպորտի վարպետ:1969թվականիցԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնությունում, այնուհետև, բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում:1971թվականին ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973թվականի երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր: Եղել է ԽՍՀՄ պատանեկան եւ երիտասարդական հավաքականների անդամ: Պարգեւատրվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով: Մասնակցել է229խաղի, խփել49գնդակ:

-«Արարատ73»-ից40տարի է անցել: Բայց մեր ժողովուրդը խոսում է այդ ամենի մասին, կարծես`երեկ է եղել: Ձեզ մոտ էլ է այդ տպավորությունը:

-Պատկերացրեք` այո: Ինձ մոտ էլ է այդ տպավորությունը: Քանի որ շատ համերաշխ թիմ էինք, մենք բոլորս շատ «անուշ» կոլեկտիվ էինք, գիտեինք, որ բոլորս մի գործ ենք անում, որպես անհատ չէինք մոտենում: Կոլեկտիվ էր: Երբեմն այդ ամենը ինձ հիշեցնում է այսօրվա «Բարսելոնա»-ի խաղը. «Բարսելոնա»-ն այսօր խաղում է ճիշտ մեր խաղը: Ժամանակին մենք բոլորս հենց այդպիսի կոլեկտիվ խաղ էինք խաղում: Միայն կարելի է հիշել այն, որ մենք 3 տարի ոչ մի պարտություն չենք կրել: Հզորագույն թիմերին մենք չզիջեցինք: Դա ռեկորդ էր ԽՍՀՄ-ի համար: Մի բան էլ. մենք կարող էինք գնդակը մեզ մոտ պահել մինչեւ 20 րոպե: Այդ ամենը ցույց է տալիս մեր յուրօրինակ հատկությունը, մեր վարպետությունը: Ասեմ, որ ժամանակին մեզ ասում էին «սա աստղերի թիմ է, սա աստղային թիմ է»: Մեզ գովելու համար չեմ ասում, դա այն ժամանակներում տարածված կարծիքն էր մեր մասին: Հիմա էլ շատ հաճելի է հիշելը:

-Հիմա, երբ ասում են «Արարատ 73», առաջինը ինչն եք մտաբերում:

- Նախ նորից հպարտություն եմ ապրում: Մեր լեռան` Արարատի անունով թիմը կարողացավ բարձրանալ այդ լեռան նման և նվաճել ֆուտբոլային բարձրունքները: Սա ոչ միայն մեր, այլ նաեւ ամբողջ աշխարհի հայերի ուրախության առիթ էր: Ես մեր տարբեր հաղթանակներն եմ հիշում, նաև` մեկ տարում նվաճած գավաթն ու ոսկե մեդալները:

-Կարոտում եք այդ օրերը:

-Իհարկե, (աչքերում կարոտի թախիծ կար- Վ. Հ.): Բայց տարիքն իրենն ասում է: Կյանքում պետք է «առաջին գծում» նոր սերունդը լինի: Մենք այն ժամանակի երիտասարդներն էինք: Այսօր էլ հպարտ եմ, որ «Արարատ»-ը մենք ենք:

-Դուք ավարտել եք Մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, ինչպես եղավ, որ ֆուտբոլիստ դարձաք:

-Երբ ընդունվեցի ինստիտուտ, արդեն ֆուտբոլ է պարապում, իսկ ֆուտբոլի գնացել եմ 11 տարեկանից: Ժամանակին հայտնի մարզիչ ունեինք` Արմեն Դուրգարյանը, նա ինձ մի անգամ բակում ֆուտբոլ խաղալիս տեսավ եւ ասաց, որ անպայման պետք է զբաղվեմ ֆուտբոլով: Այսօրվա Գնունի փողոցի վրա ֆուտբոլի դպրոց կար: Մի անգամ գնացինք այնտեղ: Հենց հասանք, երեխաները նոր էին թիմերի բաժանվել, եւ մարզիչն ասաց.«-Որ մասում ես խաղում:

-Ձախ` եզրային,- հայացքս գետնին ասացի ես:

- Դե, մտիր, խաղա»:

Մտնելուն պես երկու գոլ խփեցի: Մարզիչն անմիջապես ասաց, որ դուրս գամ դաշտից: Ինձ թվաց, թե ինչ որ սխալ բան եմ արել, եւ ինձ չեն ընդունի: Ընկերներիս խնդրեցի հարցնեն, թե ինչու դուրս հանեց: Մարզիչը պատասխանել էր. «նրա նմանը չկա, նա արդեն ընդունված է»: Նոր խաղակոշիկներ նվիրեց եւ ասաց, որ հաջորդ օրվանից սկսեմ մարզվել: Հետո ընդգրկվեցի ԽՍՀՄ հավաքականներում, իսկ առաջին երկրները, որ գնացել եմ հավաքականի կազմում, Իտալիան եւ Լեհաստանն էին:

Սիրում էի պատմությունը: Ինչպես ֆուտբոլը սիրեցի, այնպես էլ պատմությունն էի սիրում:Երբ 73-ին մեր մարզիչը դարձավ Նիկիտա Սիմոնյանը, մեր ուրախությանը չափ չկար: Մեզ համար Սիմոնյանը կուռք էր, եւ մենք պետք է խաղայինք նրա իմում: Երբ մարզադաշտում Նիկիտա Պավլովիչը մեզ հանձնարարություն էր տալիս, մենք փորձում էինք անել կրկնակին: Նույնիսկ մարզումներից հետո էինք մնում, աշխատում էինք միմյանց ուժեղ եւ թույլ կողմերի վրա:

-40 տարվա ընթացքում որքանով եւ ինչպես է փոխվել ֆուտբոլը: Ներկայիս ֆուտբոլը նույնն է, ինչը որ Դուք էինք խաղում:

-Փոխվել են մարդկանց սոցիալական պայմանները: Հիմա, երբ գնում ես ֆուտբոլ դիտելու, ցանկություն կա մաքուր պայքարի ականատես լինել: Հիմա ֆուտբոլի մեջ մտել է փողային հաշիվը: Մեր ժամանակ վաճառված խաղեր չկային, մեծ գումարներ չկային: Կար ազնիվ եւ արդար պայքար, եւ ամենամեծ «գումարը» հաղթանակի բերկրանքն ու հպարտությունն էր:

-Նիկոլայ Ղազարյանն ունի մեր օրերի սիրելի ֆուտբոլիստ:

-Մխիթարյանին շատ եմ հավանում: Կարծում եմ նա արժանիորեն շատ մեծապագա կունենա: Շատ լավ գիտեի նրա վաղամեռիկ հորը` Համլետ Մխիթարյանին: Երբ մենք դուրս եկանք «Արարատ»-ից, նա շարունակեց: Ավագ Մխիթարյանի հետ հաճախ էինք հանդիպում: Նա դաշտում իմ տեղում էր. ես էլ էի ձախ եզրային, նա էլ: Միշտ խորհուրդ էր հարցնում, թե ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում:

Նիկոլայ Ղազարյանի հուշերը երախտագիտությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում