Սիրիայի իշխանությունը Դամասկոսի ահաբեկչության մեջ մեղադրում են «Ալ Կաիդա»-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսին Մազրաա թաղամասում փետրվարի 21-ին տեղի ուենցած պայթյունը, որի հետեւանքով ավելի քան 50 մարդ էր զոհվել, կազմակերպել է «Ալ Կաիդա»-ի հետ կապված ահաբեկչական խմբավորումը: Այս մասին տեղեկացնում են Սիրիայի իշխանությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի արտգործնախարարությունը նաեւ նշել է, որ ահաբեկչական խմբավորումը ֆինանսավորվում է արտասահմանից: Նախարարությունը խստորեն դատապարտել է ահաբեկչությունը` ավելացնելով, որ այդ քայլն ուղղված էր ապակայունացնելու Դամասկոսում իրավիճակը:
Փետրվարի 21-ին մայրաքաղաք Դամասկոսում երեք պայթյուններ են տեղի ունեցել: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Սաբաա Բահրաթ հրապարակում` Բաաս կուսակցության շենքի մոտ, երկրորդը` Ռուքն ադ Դին շրջանում եւ երրորդը` Բրզե շրջանում: Ընդհանուր առմամբ զոհվել է 53 եւ վիրավորվել երկու հարյուրից ավելի մարդ:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: