Դամասկոսում մարզադաշտի վրա ընկած ռումբերից տուժել են մարզվող ֆուտբոլիստները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Բարամքա շրջանի Թիշրին մարզադաշտի վրա երկու ռումբ է ընկել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղի ունեցածի հետեւանքով «Ուասբա» թիմի մեկ ֆուտբոլիստ է զոհվել, վիրավորվել են 13 խաղացողներ:
Մեկ այլ արաբական աղբյուր տեղեկացնում է, որ Բարամքա շրջանի վրա երեք ռումբ է պայթել, որոնցից մեկը` Թիշրին մարզադաշտում: Տեղեկություններ է ստացվել, որ երկրորդ ռումբն ընկել է Բաաս կուսակցության ղեկավարության շենքի մոտակայքում, ինչի հետեւանքով նախնական տեղեկություններով երեք քաղաքացիներ են վիրավորվել, այդ թվում` մեկ կին: Աղբյուրը նաեւ նշել է, որ երրորդ ռումբը պայթել է բանակի ապահովագրական գրասենյակի մոտ, բարեբախտաբար, մարդկային վնասներ չկան:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ բախումները զինյալների եւ կառավարական ուժերի միջեւ շարունակվում են նաեւ Դամասկոսին մոտիկ գտնվող Ղուտայի շրջանում, որտեղ մեծ թվով զինյալներ են սպանվել: Սպանված զինյալների թվում են նաեւ զինված խմբավորման ղեկավարներ:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: