Հատուկ նախագծեր

«Արարատ 73»- 40 տարի անց. հաղթանակներից հետո նրանց դիմավորում էին համազգային տոնախմբությամբ

6 րոպեի ընթերցում

«Արարատ 73»- 40 տարի անց. հաղթանակներից հետո նրանց դիմավորում էին համազգային տոնախմբությամբ

«Հայ ֆուտբոլիստների այսօրվա հաջողությունը ամենակարեւորն էր: Նրանց մասին հավերժ կհիշեն նաեւ հետագա սերունդները». 40 տարի առաջ լույս տեսած Հայաստանի միակ մարզական պարբերական «Հայաստանի Ֆիզկուլտուրնիկ»-ն այսպես է գրել այդ օրերի մասին: Անդրադառնալով «Արարատ»-ի երկու ձեռքբերումներին` ԽՍՀՄ գավաթի նվաճման եւ չեմպիոն դառնալու փաստին, թերթի հոդվածագիրը նշում է, որ չնայած ունեցած բազմաթիվ մեծ ու փոքր խոչընդոտներին, թիմը կարողացավ պատվով եզրափակել 1973 թվականի մրցաշրջանը:

«Արարատ»-ի երկու հաղթանակները պայմանավորված էին ոչ միայն լավ խաղացողներով, այլ նաեւ կուռ մարզչական կազմով

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ավելի ուշագրավ եւ հպարտություն ներշնչող վերլուծական մի հոդված եւս պատմում է մեր երազանքն իրականություն դարձրած «Արարատ 73»-ի մասին: Ռուս մարզական տեսաբանը, իր գեղեցիկ` «Արարատի երկու գագաթները» ծավալուն հոդվածում խոսում է այն մասին, թե «բաց ֆուտբոլ» խաղացող մեր թիմը ինչպես է իրեն դրսեւորել մարզադաշտում: «Բաց ֆուտբոլ» խաղալու համար պահանջվում է ոչ միայն վարպետություն, այլ նաեւ արիություն, եւ ոչ միայն ֆուտբոլիստներից, այլ նաեւ մարզիչներից»:

Հեղինակը հերքել է նաեւ այն կարծիքը, թե «երկու նապաստակի հետևից վազողը մեկին էլ չի բռնի: Այնուամենայնիվ, «Արարատ»-ը «վազեց»»:

Այդ տարվա խորհրդային, ինչպես նաեւ` արտասահմանյան մարզական մամուլը հիացական բազմաթիվ նյութեր եւ թղթակցություններ են տպել «Արարատ»-ի հաղթանակների մասին: Լիբանանում լույս տեսնող «Լա ավյու լեբան....» շաբաթաթերթը մի ամբողջ էջ է նվիրել «Արարատ»-ի հանդիպումներին: Պարբերականն իր ««Արարատը» կախարդում է լիբանանի հայությանը» վերնագրի տակ, նշում է, որ «Արարատ»-ի հանդիպումներին հետեւում է ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ նաեւ Ամերիկայում, Ասիայում եւ Եվրոպայում ապրող ամբողջ հայությունը:

«Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի ֆուտբոլային տեսաբան Արսեն Բաբայանը, ով ամենուրեք «Արարատ»-ի կողքին է եղել, մի «պատառիկ» հուշ ներկայացրեց«Արմենպրես»-ին ԽՍՀՄ գավաթի «Արարատ» Երեւան-«Դինամո» Կիեւ եզրափակիչխաղից, որը տեղի է ունեցել Մոսկվայում:

«Մեր թիմը մեկ օր առաջ էր գնացել Մոսկվա: Ես եւ լուսանկարիչ Ռաֆիկ Հեքեքյանը միասին գնացինք: Մարզադաշտում լրագրողների օթյակում էինք նստած: Այն ժամանակ «Դինամո-Կիեւ»-ը ԽՍՀՄ ուժեղագույն թիմերից մեկն էր: Խաղի առաջին կեսն անցավ գոլազուրկ ոչ-ոքիով: Երկրորդ խաղակեսում Նորայր Մեսրոպյանը խախտեց խաղի կանոնները` վայր գցեց Բուրյակին: Մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված: Բաց թողած գնդակը մի տեսակ սթափեցրեց մեր ֆուտբոլիստներին: Հանդիպումն ավելի հետաքրքիր դարձավ եւ խաղավարտից ընդամենը մեկ րոպե առաջ` 89-րդ րոպեին, Ալեքսանդր Կովալենկոյի հեռահար փոխանցումը Նիկոլայ Ղազարյանն ուղղեց դեպի Լևոն Իշտոյանը: Կատարվածից մարզադաշտը ալեկոծվեց: Իշտոյանը գրավել էր մրցակցի դարպասը: Հաշիվը դարձավ 1-1:

Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ եւս փայլեց Իշտոյանը: Նա 103-րդ րոպեին խփեց հաղթական երկրորդ գնդակը: Եվ ԽՍՀՄ գավաթն ուղեւորվեց Հայաստան: Հանդիպման ավարտից հետո իջա հանդերձարան: Բյուրեղապակյա գավաթը ես էլ ձեռքս առա: Անափ ուրախություն էր` չնայած Զանազանյանի երկու ոտքերն էլ վնասված էին: Իմ հարցին ավագ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը կարճ պատասխանեց. «Ամենագեղեցիկը հաշիվն է», իսկ Առնո Բաբաջանյանն ինձ ասաց. «Հալումաշ եղանք այդ հաղթանակի համար»: Խաղի մեկնաբանությունը գիշերը հեռախոսով թելադրեցի թերթին: Թիմը հաջորդ օրը վերադարձավ Երեւան: Ես եւ լուսանկարիչը գնացինք Դոնեցկ, որտեղ արդեն գավաթակիր «Արարատ»-ն օրեր անց հանդիպելու էր «Շախտյոր»-ի հետ: Որպես մարզական լրագրող ասեմ, որ մեր թիմի հաղթանակին մեծապես նպաստեց «Դինամո»-ի մարզչի սխալը: Նա հանդիպման 86-րդ րոպեին Բուրյակին, իսկ 88-ին Բլոխինին փոխարինեց պահեստայիններով: Կարծում էր, թե արդեն հաղթել էին: 89-րդ րոպեին Իշտոյանը խփեց առաջին գնդակը: Ինձ համար եզրափակիչ այդ հանդիպումը աննկարագրելի էր: Անկեղծ ասեմ, հիմա էլ նույն հպարտությունն ու ոգևորությունն եմ ապրում»:

«Հայաստանի ֆիզկուլտուրնիկ»-ի, իսկ այժմ «Արմենպրես» լրատվական գործակալությանլուսանկարիչ Ֆելիքս Առուստամյանն«Արարատ»-ի հաղթանակը համեմատեց շախմատիստ Տիգրան Պետրոսյանի աշխարհի չեմպիոն դառնալու հետ: «Այդ օրը նույն ուրախությունն ու ոգեւորությունն էր ապրում հայ ժողովուրդը: Ես գնացել էի օդանավակայան, ուր հավաքվել էին հազարավոր երկրպագուներ` իրենց սիրելի թիմին դիմավորելու համար: Ամենուր տոն էր ու ցնծություն»,-պատմում է Առուստամյանը:

Այսպիսի հոդվածներով եւ ականատեսների վկայությամբ է նշանավորվել 1963 թվականից «Արարատ» անունն ստացած մեր թիմի 1973 թվականը: Այդ հաղթանակների օրերը մեր ժողովրդի համար մնացին որպես տոնական օրեր:

«Արարատ 73»-ի «կենսագրությունը» թերթեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում