ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպի Սուլեյմանիա թաղամասի գլխավոր փողոցում պատահական փամփուշտից հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ զոհվածը 1970թ.-ի ծնված, երկու դուստրերի հայր Հարություն Կոշկերյանն է: Ռեյիսյանի խոսքով` Սուլեյմանիայի այդ փողոցը մշտապես մարդաշատ է եւ այս օրերին համեմատաբար անվտանգ շրջան է համարվում, սակայն այդուհանդերձ անակնկալներ միշտ կարող են տեղի ունենալ նույնիսկ ամենաչսպասված վայրում:
Ժիրայր Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ փետրվարի 14-ին Հալեպի ծայրամասերից մեկում իր աշխատավայրից առեւանգվել է Գեւորգ Կարագուլյանը: Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ աշխատավայրում են եղել նաեւ նրա եղբայրը եւ երկու գործընկերները, ովքեր չեն առեւանգվել: Առեւանգողները Գեւորգ Կարագուլյանին ազատ արձակելու համար փրկագին են պահանջում:
Ինչ վերաբերում է Հալեպում տիրող ընդհանուր իրավիճակին, մամուլի քարտուղարը նշեց, որ երեկ ուժգին ռմբակոծությունները շարունակվել են մինչեւ առավոտ, իսկ այս պահին իրավիճակը փոքր-ինչ հանգիստ է: Բախումներ տեղի են ունեցել նաեւ Հալեպի ազգային առաջնորդարանի շենքի մոտկայաքում մոտավորապես 100-200 մետր հեռավորության վրա:
ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: