ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպից ոչ հեռու` Հոմս քաղաքի մոտ գտնվող Քաֆրուն գյուղի ճանապարհին, հոգեւորականներ են առեւանգվել, այդ թվում` մեկ հայ: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 9-ի կեսօրին: Ռեյիսյանի խոսքով` Քաֆրուն գյուղի ճանապարհին զինյալները կանգնեցրել են ընթացող ավտոբուսը եւ առեւանգել 29-ամյա հայ կաթոլիկ հոգեւորական Միքայել Քեյյելին, ինչպես նաեւ Իսհակ Մահեր Մաթհուդ անունով հույն ուղղափառ հոգեւորականի: Ավտոբուսում է եղել նաեւ հայ վարդապետ Սալեզյանը, ում զինյալները խնայել են եւ չեն առեւանգել մեծահասակ լինելու պատճառով:
Մամուլի քարտուղարը նաեւ տեղեկացրեց, որ այժմ ջանքեր են գործադրվում նրանց ազատ արձակելու ուղղությամբ: Առեւանգողները նրանց ազատ արձակելու համար փրկագին են պահանջում:
ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: