Միջազգային

Հալեպի հայկական թաղամասերում ուժգին ռմբակոծության ձայներ են լսվում

2 րոպեի ընթերցում

Հալեպի հայկական թաղամասերում ուժգին ռմբակոծության ձայներ են լսվում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական թաղամասերում փետրվարի 13-ի երեկոյան եւ այսօր առավոտյան պարզ լսելի են ուժգին ռմբակոծության ձայներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ այս պահին տեղեկություններ չկան ռմբակոծության կոնկրետ վայրի եւ պատճառած վնասների վերաբերյալ:

Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ հայկական Նոր Գյուղ թաղամասում դիպուկահարի գնդակից արաբ երիտասարդ է զոհվել: Թեպետ զոհվածը հայ չէ, միեւնույնն է, տեղի ունեցածն ահ ու սարսափ է տարածել թաղամասի բնակիչների, այդ թվում` հայերի վրա: Նա նաեւ ավելացրեց, որ փետրվարի 13-ին` կեսօրից հետո, քաղաքում երկու ժամ էլեկտրականություն է եղել, իսկ օրվա մեծ մասը Հալեպը կրկին մթության եւ խավարի մեջ է անցկացնում: Հալեպահայերը մնացած բնակիչների նման մոմի լույսի տակ անցկացնելով երեկոները` փորձում են հաղթահարել ստեղծված դժվարին իրավիճակը:

Հալեպի հայ կաթողիկե առաջնորդ Պետրոս եպիսկոպոս Մարայաթյանը տեղեկություն էր հաղորդել, որ եկեղեցու երկու հոգեւորական են առեւանգվել, որոնցից մեկը հայ է: Այդ առիթով Ռեյիսյանը նշեց, որ կոնկրետ տեղեկություններ տեղի ունեցած միջադեպի հանգամանքների վերաբերյալ չկան եւ խոստացավ առաջիկա ժամերին մանրամասներ հաղորդել տեղի ունեցածի կապակցությամբ:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում