Հալեպում սկսվել է «Ազգային երկխոսության ֆորում» համաժողովը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում սկսվել է «Ազգային երկխոսության ֆորում» կոչվող համաժողովը, որին մասնակցում են տարբեր շարժումների ներկայացուցիչներ, կրոնական, մշակութային գործիչներ, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ֆորումի կազմակերպիչ Աբդ ալ Հադի Նասրին նշել է, որ խորհրդակցությունը քննարկում է Սիրիայի քաղաքական ճգնաժամի կարգավորման ծրագիրը: Նա կոչ է արել բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ շարժումներին մասնակցել խորհրդակցությանը, որը համարվում է լայնամասշտաբ երկխոսության սկիզբը:
Հալեպի քաղաքապետ Մուհամմադ Ուահիդ Աքքադն ընդգծել է բոլորի մասնակցության կարեւորությունը, որի նպատակն է հասնել հաշտության:
Խորհրդակցության մասնակիցները կոչ են արել բոլոր զինված խմբավորումներին, որոնց ձեռքերը չեն թաթախվել սիրիացիների արյան մեջ, վայր դնել զենքերը եւ վերադառնալ սովորական կյանքի: Նրանք ընդգծել են, որ անհրաժեշտ է բոլորի մասնակցությունը երկխոսության անցկացման համար, որի միակ նպատակն է պահպանել Սիրիայի ինքնիշխանությունը եւ միաբանությունը: