Միջազգային

Հալեպում բախումների հետեւանքով հայկական դպրոց է վնասվել

2 րոպեի ընթերցում

Հալեպում բախումների հետեւանքով հայկական դպրոց է վնասվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում հունվարի 31-ի կեսօրին բուռն բախումներ են տեղի ունեցել քաղաքի տարբեր թաղամասերում: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյսիյանն` ավելացնելով, որ Աշրաֆիե թաղամասում բախումների հետեւանքով վնասվել է հայկական դպրոցներից մեկը, կոտրվել են լուսամուտների ապակիները: Աշակերտներին դուրս են հանել շենքից:

Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ բախումները տեղի են ունեցել Աշրաֆիեի շրջանում, հին քաղաքի Բաբ ան Նասր, Սաբաա Բահրաթ, Սեբիլի թաղամասերում, ինչպես նաեւ Բուսթան Բաշայում: Բախումներ, բարեբախտաբար, հայաբնակ թաղամասերում չեն եղել, սակայն դրանց բավականին մոտ են եղել: Երեկոյան արդեն իրավիճակն ավելի հանգիստ է եղել:

Անդրադառնալով Հալեպում օրեր առաջ տեղի ունեցած ոճրագործությանը`մամուլի քարտուղարը նշեց, որ դիակների ինքնությունը դեռ պարզ չէ: Զոհվածները գտնվում են ընդդիմադիրների ձեռքում:

Ինչ վերաբերում է Հալեպի օդանավակայանի բացմանը, ապա Ռեյիսյանը տեղեկացրեց, որ հստակ տեղեկություններ չկան բացման վերաբերյալ, սակայն պետությունը հնարավոր ամեն ինչ անում է այն արագ վերաբացելու համար:

Մամուլի քարտուղարը չհաստատեց տեղեկությունն այն մասին, որ օրեր առաջ սպանված հայ երիտասարդՀովսեփ Աբգարյանըդաժանորեն սպանվել է եւ կողոպտվել: Ռեյիսյանն ավելացրեց, որ երիտասարդ հայը եւ երեք արաբներ զոհվել են, նաեւ մեկը վիրավորվել է տաքսու ուղղությամբ բացված կրակահերթից:

2-3 օր առաջ Բեյրութից Լաթաքիա տանող ճանապարհին` Ժաբլե քաղաքի մոտակայքում, զոհվել է հալեպահայ Հովսեփ Աբգարյանը: Ստեղծված դժվարին եւ վտանգավոր պայմաններում նրա դին հնարավոր չէ տեղափոխել Հալեպ եւ ոչ էլ հարազատները կարող են մեկնել այնտեղ: Թաղումը տեղի կունենա Ժաբլե քաղաքում, միայն հարմար առիթի դեպքում երիտասարդի դին կտեղափոխվի Հալեպ:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում ավելի քան 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում