Միջազգային

Դամասկոսում հայի են առեւանգել եւ կես միլիոն դոլար փրկագին են պահանջում

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում հայի են առեւանգել եւ կես միլիոն դոլար փրկագին են պահանջում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ծայրամասում հայ է առեւանգվել: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանն` ավելացնելով, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 23-ին: Նրա խոսքով` առեւանգվածը դամասկոսահայ Նազարեթ Չարքյանն է: Վերջինիս իր իսկ աշխատավայրից առեւանգել են զինված անձինք եւ ազատ արձակելու համար պահանջում են 50 միլիոն սիրիական լիրա, մոտավորապես 500 հազար դոլար:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքում տիրող ընդհանուր իրավիճակին, մեր հայրենակիցը նշեց, որ Դամասկոսի ծայրամասերում, մասնավորապես Ղուտայի շրջանում բախումները շարունակվում են, իսկ մայրաքաղաքում իրավիճակն ավելի հանգիստ է, շուկաները մարդաշատ են:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինված ուժերը Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարիա, Հարասթա եւ Դումա գյուղերում լուրջ վնասներ են հասցրել զինյալներին, ոչնչացվել են նրանց զենքերը: Կառավարական ուժերը նաեւ վերականգնել են Զամալքայից Աարաբին տանող ճանապարհի անվտանգությունը:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: Սիրիահայ մեր հայրենակիցների առեւանգման դեպքերը եւս հաճախակիացել են բախումների ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում