ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում պատերազմական վիճակը շարունակվում է, բախումները տեղի են ունենում մասնավորապես քաղաքի արվարձաններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ հունվարի 17-ին եւս Հալեպի որոշ թաղամասերում բախումները եւ կրակոցները շարունակվում են: Իսկ կենտրոնական թաղամասերում իրավիճակն համեմատաբար հանդարտ է, բուռն բախումային իրավիճակներ չկան: Անդրադառնալով կենսական պայմանների դժվարություններին` Ռեյիսյանը նշեց, որ էլեկտրականությունն օրվա ընթացքում մի քանի ժամ է լինում:
Ըստ լուրերի` Հալեպի օդանավակայանն առաջիկա մեկ ամիսը կշարունակի փակ մնալ: Սակայն, Ռեյիսյանի տեղեկացմամբ, դեռեւս հստակ տեղեկություններ չկան, թե կոնկրետ երբ կվերաբացվի այն:
Ինչ վերաբերում է Հալեպի համալսարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված Սարգիս Պետրոսի առողջական վիճակին, ապա նա շարունակում է հիվանդանոցում անհրաժեշտ բուժում ստանալ:
Հալեպի համալսարանի Ճարտարագիտության եւ արվեստի ֆակուլտետների, ինչպես նաեւ հանրակացարանի մեկ մասնաշենքի մոտակայքում հունվարի 15-ին երկու ուժգին պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետեւանքով 80-ից ավելի մարդ է զոհվել, վիրավորվել ավելի քան 160-ը: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել: