Միջազգային

Սիրիական որոշ շրջաններ մաքրվել են զինյալներից

2 րոպեի ընթերցում

Սիրիական որոշ շրջաններ մաքրվել են զինյալներից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերը հայտնել են, որ Համայի Զուր Աբի Զեյդ շրջանը մաքրվել է զինյալներից եւ այժմ անվտանգ գոտի է. ոչնչացվել են զինված խմբավորումների բոլոր թաքստոցները: Զինված ուժերը նաեւ կանխել են զինյալների կողմից կազմակերպված մի քանի պայթյուններ Համայի շրջանի Հալֆայա կամրջի մոտակայքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայքարը զինյալների դեմ շարունակվել է նաեւ Հալեպում: Ռասմ Աաբուդ, Քուիրս շրջաններում ոչնչացվել են զինյալներին պատկանող 4 մեքենաներ, առգրավվել են նրանց զենքերը:

Բախումները շարունակվել են նաեւ Հալեպի Բուսթան Բաշա թաղամասի մի քանի շրջաններում, ալ Հաջ կամրջի մոտակայքում, ինչպես նաեւ Մասաքին Հանանու, Լիրմուն, Կադի Ասքար թաղամասերում: Հալեպի Խան ալ Ասլ շրջանում զինված ուժերը հայտնաբերել են զինյալների կողմից Սադքուբ ընկերությունից գողացված 54 բարել բենզին 4 մեքենաների մեջ:

Դամասկոսի Դումա, Հարասթա, Դարիա գյուղերում եւս տեղի են ունեցել արյունալի բախումներ, որի ընթացքում սպանվել է զինված խմբավորման ղեկավարներից Աբու Շահաբը:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում հունվարի 17-ին կառավարական ուժերի ռմբակոծության հետեւանքով 123 մարդ է զոհվել հիմնականում Դամասկոսի գյուղերում եւ Համայում:

Կայքի տեղեկացմամբ` ռազմական օդանավը ռմբակոծել է Հուսեյնիա ճամբարը, որտեղ բնակվում են պաղեստինցի փախստականներ եւ սիրիացիներ: Ռմբակոծման հետեւանքով ավելի քան 15 մարդ է զոհվել, այդ թվում` 7 երեխա:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում