ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի համալսարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ վիրավորների մեջ հայ կա: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նա այժմ գտնվում է հիվանդանոցում:Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ նա ուսանող չէ, սակայն աշխատանքի վայրը մոտակայքում է գտնվում եւ պայթյունի պահին այնտեղ է եղել:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից տեղեկացանք, որ ռմբակոծության հետեւանքով ծանր վիրավորվածը Սարգիս Պետրոսն է:
Հալեպի համալսարանի ճարտարագիտության եւ արվեստի ֆակուլտետների, ինչպես նաեւ հանրակացարանի մեկ մասնաշենքի մոտակայում երկու ուժգին պայթյուններ են տեղի ունեցել: Ստացված տեղեկությունների համաձայն` 83-85 մարդ զոհվել է եւ վիրավորվել ավելի քան 160 մարդ:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ զոհված եւ վիրավորված ուսանողների մեջ հայեր չկան, թեպետ հայտնի է, որ ճարտարագիտության ֆակուլտետում նաեւ հայ ուսանողներ են սովորում: Ընդհանուր առմամբ, տեղի ունեցած ողբերգության պատկերն ամբողջովին հստակ չէ. հակասական լուրեր են շրջանառվում պայթյունն իրականացնողների վերաբերյալ: Որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ ռումբը կառավարական ուժերի ռմբակոծության արդյունքում է ընկել համալասարանի մոտակայքում: Մինչդեռ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինված խմբավորումը երկու հրթիռ է արձակել Լիրմուն շրջանի ուղղությամբ: