Միջազգային

Դամասկոսի գյուղերում բախումների ժամանակ դիպուկահարներ են սպանվել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսի գյուղերում բախումների ժամանակ դիպուկահարներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա եւ Դարյա գյուղերում բախումների հետեւանքով մեծ թվով զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց պատկանող երեք մեքենաները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի դրանից, ոչնչացվել է զինյալների պատկանող զինապահոցը, սպանվել են երկու դիպուկահարներ:

Բախումներ են տեղի ունեցել նաեւ Դամասկոսի Յալդա, Բահդալիա, Հուսեյնիա գյուղերում:

Պայքարը զինյալների դեմ շարունակվել է նաեւ Հալեպի շրջաններում եւ մոտակա գյուղերում: Զինված խմբովորումները լուրջ կորուստներ են կրել Քաշիշ, Սաֆիրա շրջաններում, ինչպես նաեւ Դամասկոս-Հալեպ ճանապարհին գտնվող Մարանազ եւ Կարասի գյուղերում: Հալեպ քաղաքում զինյալների թաքստոցներ հայտնաբերվել են Քալլասա, Սուքքարի, Բաբ ան Նեյրաբ, Բանի Զեյդ թաղամասերում:

Ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են, որ հունվարի 13-ին Սիրիայի տարածքում, մասնավորապես Դամասկոսի գյուղերում եւ Դարաայում 141 մարդ է զոհվել: Աղբյուրի տեղեկացմամբ կառավարական ուժերի ռմբակոծության հետեւանքով ավելի քան 36 մարդ է սպանվել, այդ թվում 14 երեխաներ Դամասկոսի շրջաններում:

Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ, այդ թվում չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում