Հալեպի եւ Դամասկոսի գյուղերում շարունակվում են բախումները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի որոշ թաղամասերում եւ մոտակա գյուղերում կառավարական ուժերը շարունակում են հետապնդել զինված խմբավորումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Քաֆր Խաֆր, Խա Տուման Ալկամիա գյուղերում զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել, սպանվել են խմբավորման անդամներից շատերը, առգրավվել են նրանց զենքերը: Հալեպ քաղաքում ալ Բաբ, Մասաքին Հանանու, Քալլասա, Բուսթան ալ Կասր եւ Քարամ ալ Մասիր թաղամասերում տեղի ունեցած բախումների հետեւանքով զինյալները լուրջ կորուստներ են կրել:
Բախումները զինյալների հետ շարունակվում են նաեւ Իդլեբի, մասնավորապես` ռազմական օդանավակայանի շրջանում: Ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են, որ Սիրիայի ազատ բանակը հսկողություն է հաստատել ռազմական օդանավակայանի մեծ մասի վրա:
Դամասկոսի մոտակայքում գտնվող Հուջեյրա, Զիյաբիա, Հուսեյնիա, Բեյրուդ գյուղերում տեղի ունեցած բախումների ժամանակ մեծ թվով զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրաց պատկանող մեքենաները եւ զենքերը:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ կառավարական ուժերի ռմբակոծության հետեւանքով հունվարի 10-ին Հասաքե շրջանի Հուլ գյուղում ավելի քան 40 մարդ է զոհվել, եւ շուրջ 120 վիրավորվել:
Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ, այդ թվում չորս տասնյակից ավելի հայեր: