Սիրիայի տարածքում մեկ օրում հարյուրից ավելի մարդ է զոհվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը շարունակում են տարբեր շրջաններում պայքարել զինյալների դեմ: Իդլեբի շրջանի Թաֆթանազ, Տաում, Սայլուն գյուղերում մեծ թվով զինյալներ են ոչնչացվել, առգրավվել են նրանց զենքերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Հոմսի շրջանում Կուսեյր գյուղի ճանապարհին զինյալները պայթյուն են իրականացրել, որի հետեւանքով 4 քաղաքացի է զոհվել, իսկ շրջակա տարածքները նյութական վնասներ են կրել:
Բախումները զինյալների դեմ շարունակվում են նաեւ Հալեպի որոշ թաղամասերում եւ գյուղերում: Բուսթան Կասր, Նակարին, Կադի Ասաքար շրջաններում հայտնաբերվել են զինյալների թաքստոցներ, ոչնչացվել են մեծ թվով զինյալներ եւ նրանց պատկանող զենքեր:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում հունվարի 8-ին 114 մարդ է զոհվել: Կայքի տեղեկացմամբ` Ազատ բանակը հսկողություն է հաստատել Դամասկոսի մոտակայքում գտնվող Հարասթա գյուղի անվտանգության բաժնի վրա: Բացի դրանից Յարմուք պաղեստինցիների ճամբարում տեղի ունեցած բախումների հետեւանքով 5 մարդ է զոհվել:
Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ, այդ թվում չորս տասնյակից ավելի հայեր: