ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող Ռակկայի ճանապարհին շուրջ երկու շաբաթ առաջ առեւանգված երեք հայերն ազատ են արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նրանք ողջ-առողջ վերադարձել են տուն: Ինչ վերաբերում է 2012թ.-ի հոկտեմբերի վերջին Բեյրութից Հալեպ տանող ճանապարհին առեւանգված հայերին, ապա նրանց վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան:
Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ Հալեպում, ընդհանուր առմամբ, տոն օրերին միջադեպեր տեղի չեն ունեցել, իրավիճակն ավելի հանգիստ է եղել: Տոնական տրամադրություն չի եղել որեւէ ընտանիքում, միայն տեղի է ունեցել եկեղեցական արարողություն: Հանդարտ իրավիճակը շարունակվում է նաեւ հունվարի 8-ին, չնայած որ համացանց չկա եւ հեռախոսակապն անկանոն է գործում, եղանակն անձրեւային է, էլեկտրականությունն օրվա ընթացքում մեկ-երկու ժամ է լինում, իսկ կեսօրից հետո քաղաքն ընկղմվում է ամայության եւ խավարի մեջ:
Թեպետ Հալեպում մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, այնուամենայնիվ, մամուլի քարտուղարի խոսքով, լարված եւ անորոշ իրավիճակը շարունակվում է: Դրան զուգահեռ մարդիկ դրական փոփոխությունների հույս ունեն:
Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ, այդ թվում չորս տասնյակից ավելի հայեր: