Միջազգային

Հալեպում վերաբացվել են հայկական դպրոցները. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

Հալեպում վերաբացվել են հայկական դպրոցները. Ժիրայր Ռեյիսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերիո թեմի ազգային առաջնորդարանին պատկանող ազգային վարժարանները վերսկսել են դասընթացները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ դպրոցները կենտրոնացել են մեկ շենքի մեջ ավելի ապահով լինելու նպատակով: Դեկտեմբերի 25-ին մի քանի դպրոցներ նախապատրաստական աշխատանքներ են տարել, իսկ այսօր արդեն սկսվել են դասընթացները: Դեռեւս տարեսկզբին Կարեն Եփփե անվան ազգային ճեմարանը սկսել էր բարձր դասարանների դասընթացները, եւ արդեն դեկտեմբերի 26-ին մեկնարկել են նաեւ մյուս դասարանների դասերը: Ընդհանուր առմամբ, Ռեյիսյանի տեղեկացմամբ, վերաբացվել են Կարեն Եփփե, Սահակյան, Գյուլբենկյան, Զավարյան եւ Հայկազյան դպրոցները:

Ինչ վերաբերում է քաղաքում տիրող ընդհանուր վիճակին, մամուլի քարտուղարը նշեց, որ կրակոցների ձայներ լսվում են, սակայն կենտրոնական թաղամասերում ավելի հանգիստ է: Իսկ մյուս խնդիրները` կապված հացի, էլեկտրականության, ջեռուցման հետ, մնում են անփոփոխ: Շատերը փորձում են ծառերը կտրել եւ որպես վառելանյութ օգտագործել բնակարանները տաքացնելու համար:

Տոներին ընդառաջ պետությունն ավելի է ուժեղացրել քաղաքի հսկողությունը, որպեսզի միջադեպեր չգրանցվեն: Ամանորի տոների վերաբերյալ Ռեյիսյանը նշեց, որ հայկական համայնքում եկեղեցական արարողություն տեղի կունենա, սակայն տոնը ստեղծված պայմաններում նշելու հնարավորություն չկա:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ, այդ թվում չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում