Սիրիայի զինված ուժերը կշարունակեն հետապնդել զինյալներին բոլոր շրջաններում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զուաբին հայտարարել է, որ Սիրիայի զինված ուժերը կշարունակեն հետապնդել զինյալներին Սիրիայի բոլոր շրջաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախարարը նաեւ ընդգծել է, որ սիրիական իշխանությունները երկխոսություն կսկսեն միայն նրանց հետ, ովքեր հավատում են քաղաքական ճանապարհով հարցի կարգավորմանը, իսկ ովքեր խուսափում են երկխոսությունից, նրանք վախենում են արդյունքներից եւ ճգնաժամի դեմոկրատական լուծումից:
«Սիրիական բանակը շարունակում է ուժեղ մնալ, չնայած որ ընդդիմադիրները որոշ ռազմակետեր են գրավել»,- ավելացրել է նախարարը: Նա նաեւ խորհուրդ է տվել մոռանալ Ասադի իշխանությունը տապալելու, մայրաքաղաքը գրավելու փորձերի մասին: Ինչ վերաբերում է Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենք օգտագործելուն, Զաուբին նշել է, որ Սիրիան նման քայլ երբեք չի կատարի:
Նախարարը նաեւ հաստատել է, որ սիրիական բանակը չի ներխուժել պաղեստինցիների ճամբար եւ չի ցանկանում պաղեստինցիներին ներգրավել ճգնաժամի մեջ:
Արաբական մեկ այլ աղբյուր նշել է, որ Սիրիայի տարածքում մեծ թվով զինյալներ հանձնվել են սիրիական իշխանություններին: Վերջին 72 ժամվա ընթացքում կանոնավոր բանակը մեծ հարվածներ է հասցրել Դիաբիա, Խոջեյրե Աաքրաբա շրջաններում գտնվող զինյալներին: