Միջազգային

Հալեպի շրջակա գյուղերում զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել եւ ոչնչացվել

2 րոպեի ընթերցում

Հալեպի շրջակա գյուղերում զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել եւ ոչնչացվել

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Ջուլում թաղամասի բնակիչները երթ են կազմակերպել` զինյալներին կոչ անելով հեռանալ քաղաքի բոլոր թաղամասերից եւ գյուղերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ի պատասխան դրա` զինյալները կրակ են բացել քաղաքացիների ուղղությամբ, նրանցից մի քանիսը վիրավորվել են:Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են Հալեպում պայքարել զինյալների դեմ` մեծ կորուստներ պատճառելով նրանց: Հալեպի մոտակայքում գտնվող Ռասմ Աաբուդ գյուղում ոչնչացվել են զինյալներին պատկանող 6 մեքենաներ, ինչպես նաեւ զենքեր:

Զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել եւ ոչնչացվել Հալեպի Աարբիդ, Քուսր, Սաֆիրա, Աադնան, Մանսուրա գյուղերում: Նրանք բավական լուրջ կորուստներ են կրել նաեւ Հալեպի Բուսթան Կասր, Մասաքին Հանանու, Բանի Զեյդ, Լիրմուն թաղամասերում:

Պայքարը շարունակվել է նաեւ Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարիա գյուղում: Կանխվել է զինյալների կողմից ծրագրված հերթական պայթյունը Նահդա հիվանդանոցի մոտակայքում:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում դեկտեմբերի 23-ին 181 մարդ է զոհվել: Ընդդիմադիրները հայտարարել են, որ հսկողություն են հաստատել երկրի հյուսիսում գտնվող ռազմական հենակետի վրա եւ հուսով են, որ դա կօգնի պատասխանել կառավարական ուժերի օդային հարվածներին:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում