ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրավիճակը լարված է հատկապես պաղեստինցի գաղթականների Յարմուք ճամբարի շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակիցն` ավելացնելով, որ բանակը պաշարել է ճամբարը, եւ ռմբակոծություն է սկսվել: Նրա խոսքով` Յարմուքի բնակիչներն արդեն ամբողջությամբ դուրս են եկել:
Հայտնի է, որ այնտեղ բնակիչների մեծամասնությունը պաղեստինցի փախստականներ եւ սիրիացիներ են, նրանց թվում հայեր չկան: Ներխուժելով Յարմուք`զինյալներըհսկողություն են սահմանել այնտեղ եւ փորձում են մոտենալ նախագահական նստավայրին: Սպասվում է թեժ պայքար զինյալների եւ կառավարական ուժերի միջեւ:
Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, ապա Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց, որ օրվա ընթացքում ընդհատումներով էլեկտրականությունը վերականգնվում է, եւ դա մարդկանց որոշակի հույս է ներշնչում: Ռեյիսյանի խոսքով` պետությունը փորձում է լուծել նաեւ հացի խնդիրը, թեպետ 5-6 միլիոն բնակչություն ունեցող Հալեպում ներկա պայմաններում իրավիճակը բավական ծանր է: Ռեյիսյանը նաեւ նշեց, որ գազ չկա անգամ հասարակ կերակուր պատրաստելու համար:
Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 40 հազար մարդ: