Հարյուրավոր սիրիացիներ եւ պաղեստինցի գաղթականներ հեռացել են Յարմուք ճամբարից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մոտակայքում գտնվող Յարմուք ճամբարի հարյուրավոր սիրիացիներ եւ պաղեստինցի գաղթականներ լքել են իրենց բնակավայրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանցից շատերը հատել են Լիբանանի սահմանը` հույս ունենալով այնտեղ գտնել անվտանգ ու ապահով վայր:
Դամասկոսի շրջակայքում իրավիճակը գնալով լարվում է: Յարմուքն արդեն իսկ շրջապատված է կառավարական ուժերով: Սիրիական բանակը պատրաստվում է մի քանի ուղղություններով մուտք գործել Յարմուք:Արդեն հայտնի է, որ զինյալները տարածվել են Յարմուքի գրեթե բոլոր թաղամասերում:
Յարմուքում բնակվող պաղեստինցի գաղթականների թիվը ընդհանուր առամամբ 150 հազար է:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ կառավարական ուժերը մեծ թվով զինյալներ են ոչնչացրել Զիյաբիա, Բահդալիա գյուղերում, ինչպես նաեւ Ղուտայի շրջանում: Պայքարը զինյալների դեմ շարունակվում է նաեւ Դարիայի շրջանում, որտեղ բանակը եւս զինյալներ է ոչնչացրել:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին Սիրիայի տարածքում 107 մարդ է զոհվել հիմնականում Դամասկոսում եւ շրջակա գյուղերում: Սիրիայի ազատ բանակը հայտարարել է, որ հսկողություն է հաստատել Դամասկոսի հարավում գտնվող Հաջր Ասուադ շրջանի երեք թաղամասերում: