Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր է գնահատում եկեղեցու դերը կրթական ծրագրերում

4 րոպեի ընթերցում

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր է գնահատում եկեղեցու դերը կրթական ծրագրերում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Գրերի գյուտից մինչեւ գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավդեկտեմբերի 14-ին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ`միջոցառմանընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ մեր օրերում առավել քան անհրաժեշտ են գիտելիքներով զինված, հավատքի ուժով օժտված աստվածասեր եւ հայրենասեր հայորդիներ, ովքեր պետք է ճանաչեն եւ իրենց կյանքով եւ գործով արժեւորեն հայ ինքնությունը, ազգային արժեքները:

«Նրանք պետք է լուսավորյալ մտքով ճանապարհներ գտնեն մեր ազգային կյանքի վերածաղկման եւ ազգային առաջընթացի համար:Խորհրդային տարիների աստվածամերժ 70 տարիներից հետոհոգեւոր վերազարթոնք ապրող մեր եկեղեցու եւ մեր անկախացյալ հանրապետության առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը նաեւ քաջագործությունների պատրաստ եւ բարեպաշտ նկարագրի տեր երիտասարդ սերնդի կերտումն է»,- ասաց Կաթողիկոսը: Նա գոհունակությամբ մատնանշեց այն կարեւոր իրողությունը, երբ տասը տարի առաջ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան մուտք գործեց դպրոց:

«Այս առարկայի շրջանակներում դպրոցներում կազմակերպվեցին տարաբնույթ միջոցառումներ: Ազգային անկախության վերահաստատմամբ եւ հավատքի զարթոնքի շրջանում ժողովուրդը պատրաստ էր ընդառաջ գնալու հոգեւոր բարոյական արժեքների վերականգնմանը: Պատրաստ էր վերստին վերականգնելու իր վճռականությունը: Մեծ ուրախություն է տեսնել այն բարի պտուղները, որոնք սերմանվել են»,- նշեց Գարեգին Բ-ն:

Նա իր շնորհակալությունը հայտնեց հանրապետության բոլոր մարզերի իշխանություններին եւ Կրթության եւ գիտության նախարարությանը` կրթական ոլորտում եկեղեցական բոլոր նախաձեռնություններին աջակցելու համար:

«Ուրախալի է, որ հանրապետական մրցույթին մասնակցում են տարբեր քաղաքների ավելի քան 450 դպրոցներ: Մենք միասին ականատես ենք այն հսկայավածավ աշխատանքին, որ այդ ժամանակի ընթացքում կատարվել է դպրոցի մանկավարժների, տնօրինության եւ սաների կողմից»,- իր գնահատականը «Գրերի գյուտից մինչեւ գրատպություն» հանրապետական մրցույթին տվեց Կաթողիկոսը:

«Երբ եկեղեցին դարեր շարունակ գոյություն ուներ եւ պատասխանատու էր կրթության համար, դեռեւս չկար պետականություն, չկար Կրթության եւ գիտության նախարարություն»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով` դարեր շարունակ եկեղեցին է իրականացրել այն գործառույթը, որն այսօր իրականացնում է իր ղեկավարած կառույցը:

«Մենք շարունակելու ենք ավանդույթ դարձած ծրագրերը: Այս տարի աշխատեցինք, որպեսզի աստվածաբանությունը Հայաստանում ճանաչվի որպես գիտություն: Երբ կար աստվածաբանությունը, չկային շատ ու շատ այլ գիտություններ, եւ պատակահան չէ, որ իրենց հարգող մի շարք հեղիկանավոր համալսարաններ ունեն աստվածաբանության ֆակուլտետ»,- ընդգծեց Աշոտյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Գրերի գյուտից մինչեւ գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տան դահլիճում:

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված մրցույթի մրցանակաբաշխության սկիզբը ազդարարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Նա նաեւ մրցանակներ հանձնեց մրցույթում հաղթող ճանաչված դպրոցների ներկայացուցիչներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում