Դամասկոսի Քաթանա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մոտակայքում գտնվող Քաթանա քաղաքի Ռաս ան Նաբա շրջանում պայթյուն է տեղի ունեցել: Ականապատ մեքենան պայթել է դպրոցի մոտակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, 16 մարդ է զոհվել, այդ թվում`յոթ երեխաներ, ինչպես նաեւ կանայք: Նախնական տեղեկությունների համաձայն`պայթյունից վիրավորվել է 23 մարդ, որոնց մեծամասնությունը կրկին կանայք եւ երեխաներ են: Բացի մարդկային վնասներից մոտակայքում կայանված մեքենաներ են վնասվել, ինչպես նաեւ խանութներ եւ բնակելի շինություններ:
Դեկտեմբերի 12-ին տեղեկություններ էին ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի Ներքին գործերի նախարարության շենքի մոտակայքում: Սիրիական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ներքին գործերի նախարար Մուհամմադ աշ Շաարը ողջ եւ առողջ է:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում դեկտեմբերի 12-ին 106 մարդ է զոհվել: Կայքի տեղեկացմամբ` ավելի քան 20 զինծառայող է զոհվել:
Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ: