ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի հայաշատ Ջարամանա թաղամասում երկու պայթյուններ են տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակիցը` ավելացնելով, որ պայթուցիկ սարքավորումները տեղադրվել են աղբամանների մեջ: Նախնական տեղեկությունների համաձայն` մեկ մարդ զոհվել է, եւս հինգը` վիրավորվել: Բարեբախտաբար տեղի են ունեցել փոքր պայթյուններ: Տուժածների մեջ հայեր չկան:
Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ Հալեպում իրավիճակը չի փոխվել. օրվա մեծ մասը քաղաքը հոսանքազրկված է, մի քանի թաղամասերում ջրի խնդիր կա: Դրա հետ մեկտեղ հացի տագնապը մնում է անլուծելի եւ որոշ թաղամասերում շարունակվում են բախումները:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Սիրիայի Արդարադատության նախարարության շենքի մոտակայքում: Պաթուցիկ սարքավորումները զինյալները տեղադրել են երկու մեքենաների վրա: Տեղի ունեցած պայթյունների հետեւանքով մեկ մարդ է վիրավորվել, վնասվել են մոտակայքում գտնվող մեքենաները եւ խանութները:
Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ զինյալները Թուրքիայի սահմանակից Հասաքե շրջանի գյուղերից 31 հազար տոննա հացահատիկ են գողացել: Ընդհանուր առմամբ, գողոնը կազմում է հազար միլիարդ սիրիական լիրա:
Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ: