ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիային սահմանակից սիրիական Հասաքե քաղաքում օրեր առաջ վիրավորված հայազգի երիտասարդ Յուսեֆ Պաչորան մահացել է: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հասաքեում բնակվող մեր հայրենակիցը: Դեկտեմբերի սկզբին տեղեկություններ էին ստացվել, որ Հասաքե քաղաքում զինյալների կողմիցհայ տղամարդ էր սպանվել, վիրավորվել էր նրա որդին: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինյալները փորձել են առեւանգել հայ երիտասարդին: Տեղեկությունների համաձայն` զոհվածն Աբդ ալ Ահադ Պաչորան է:
Հալեպում տիրող իրավիճակի վերաբերյալ Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց, որ Հալեպում մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Միակ դրական փոփոխությունը երեկվա համեմատ Հալեպում այսօր փոքր-ինչ երկար տրված էլեկտրականությունն է եղել: Այժմ, սակայն, քաղաքը կրին խավարի մեջ է, եւ մերթ ընդ մերթ լսվում են կրակոցների ու պայթյունների ձայներ: Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ եղանակը բավական ցրտել է: Հայերի բնակարանները քիչ վնասներ են կրել պայթյուններից, կրակոցներից, եւ մարդիկ փորձում են տարբեր միջոցներով փակել բաց լուսամուտները: Ինչ վերաբերում է առավել մեծ վնասներ կրած բնակարաններին, որտեղ այս պահին հնարավոր չէ վերանորոգման աշխատանքներ իրականացնել, մարդիկ տեղափոխվել են այլ վայրեր:
Դամասկոսի մեր հայրենակիցը եւս տեղեկացրեց, որ օդանավակայանի ճանապարհին օրեր շարունակ շարունակվող թեժ մարտերից հետո իրավիճակն ավելի հանգիստ է: Կառավարական ուժերը մեծ վնասներ են հասցրել զինյալներին: Նրա խոսքով` մայրաքաղաքում եւս հացի խնդիր է առաջացել, քանի որ տարբեր գյուղերից եւ քաղաքներից Դամասկոս են տեղափոխվել հազարավոր բնակիչներ, եւ մայրաքաղաքի բնակչությունը բավական աճել է: Այդ իսկ պատճառով հացի փռերը չեն հասցնում հաց մատակարարել արդեն իսկ բավական մեծ թվով բնակչություն ունեցող Դամասկոսին:
Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ: Հայ զոհերի թիվը գերազանցել է 4 տասնյակը: