ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում էլեկտրականությունն արդեն մի քանի օր է անջատված է: Դրան ավելացել է նաեւ ջրի խնդիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ դեկտեմբերի 7-ի առավոտվանից Հալեպում ջուր չկա:
Ռեյիսյանի խոսքով` հացի խնդիրը եւս մնում է շատ լուրջ, այն հնարավոր չէ հայթայթել, իսկ գտնելու դեպքում կարելի է գնել նախկին 5-25 լիրայի փոխարեն այժմ արդեն 250 լիրայից ավելի գնով: Բացի հացից` բենզինի գինը եւս օր օրի թանկանում է. մեկ լիտրն արդեն 200-ից ավելի սիրիական լիրա արժե: Այդ ամենի հետ մեկտեղ հեռախոսակապը եւս անկանոն է գործում: Սակայն, Ռեյիսյանի վստահեցմամբ, մարդիկ փորձում են լավատեսորեն տրամադրվել` հույս ունենալով, որ դժվարությունները երկար չեն տեւի, եւ իրենք կկարողանան հաղթահարել դրանք:
Ռեյիսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ Հալեպում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցների եւ պայթյունների ձայներ չեն լսվում:
Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 40 հազար մարդ: