Միջազգային

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունից շուրջ երեք տասնյակ մարդ է տուժել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունից շուրջ երեք տասնյակ մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Մզզե թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս 29-ը վիրավորվել, այդ թվում` կանայք եւ երեխաներ: Բացի մարդկային վնասներից, ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով մոտակայքում գտնվող շինությունները եւ մեքենաները մեծ նյութական վնասներ են կրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի զինված ուժերը շարունակում են պայքարել «Ջաբահա ան Նուսրա» խմբավորման հետ` մեծ վնասներ հասցնելով նրանց: Դամասկոսի Զիյաբիա գյուղի բնակիչների հետ համագործակցության արդյունքում ոչնչացվել են խմբավորման անդամները: Ձերբակալվել են զինյալների վտանգավոր ղեկավարները: Պայքարը զինյալների դեմ շարունակվել է Զամալքա, Դարիա գյուղերում:

Դամասկոսում Կարմիր մահիկի գրասենյակի մոտակայքում զինյալների կողմից իրականացված պայթյունի հետեւանքով մեկ մարդ էր զոհվել, մոտակա շինությունները նյութական վնասներ էին կրել:

Պայքարը զինյալների դեմ շարունակվել է նաեւ Հալեպում եւ մոտակա գյուղերում: Հանդարաթ, Աադնան, Դարա Աազա, Թել Շաղիբ շրջաններում տասնյակ զինյալներ սպանվել եւ վիրավորվել են:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում դեկտեմբերի 6-ին զոհվել է 89 մարդ: Դեռեւս շարունակվում են բախումները Սիրիայի ազատ բանակի եւ կառավարական ուժերի միջեւ Դամասկոսի միջազգային, ինչպես նաեւ Դեր Զորի օդանավակայանների ճանապարհին:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում