ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի հայաշատ Ջարամանա թաղամասում նոյեմբերի 28-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունների հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակիցը: Նրա խոսքով` չորս պայթյունների հետեւանքով զոհերի թիվն արդեն հասել է չորս տասնյակի: Դեռեւս տեղեկություններ չկան արդյոք տուժածների մեջ հայեր կան, թե ոչ: Հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավորներով:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ պայթյունները տեղի են ունեցել Նահդա եւ Կարյաթ թաղամասերում, որոնց հետեւանքով, բացի մարդկային վնասներից, մեծ նյութական վնասներ են կրել շրջակա շինությունները, առեւտրային կենտրոնները եւ մեքենաները:
Ջարամանայի բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ են, այդ թվում` ավելի քան 400 հայ ընտանիք:
«Սուրիահայութեան շտապ օգնության մարմին» կազմակերպության անդամներից Րաֆֆի Ավետիսյանը միջինարեւելյան հայկական «Ազատ հայ» պորտալին տեղեկացրել է, որ առկա տվյալների համաձայն` Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 40 եւ վիրավորվել 66 հայ: Նաեւ յոթ առեւանգված հայեր կան եւ երկու անհայտ կորած զինծառայողներ: Շուրջ 200 բնակարաններ վնասվել են: