Մշակույթ

«Կորած- մոլորվածը Հայաստանում» միջազգային ֆիլմն արդեն մեծ էկրանին է

2 րոպեի ընթերցում

 «Կորած- մոլորվածը Հայաստանում» միջազգային ֆիլմն արդեն մեծ էկրանին է

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորած- մոլորվածը Հայաստանում» (Lost and found in Armenia) ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 22-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջազգային նախագիծ հանդիսացող ֆիլմի պրեմիերայից առաջ հրավիրված ասուլիսում ֆիլմի ռեժիսորը նշեց, որ նկարահանմանգաղափարն առաջացել էր դեռեւս 2007 թվականին:

«Կար ցանկություն նկարահանելու մի ֆիլմ, որը ոչ միայն հայերի մասին է, հայկական թեմայով, այլեւ միջազգային նախագիծ է: Երկար տարիներ փորձելուց հետո ֆինանսական միջոցներձեռք բերելով մենք նախագիծն իրականացրինք»,- ասաց ռեժիսորը: Նրա խոսքով`«Ռեդ թայ ֆիլմզ» ընկերության նոր երկլեզու կինոկատակերգությունը նկարահանվել է 2011 թվականի ամռանը Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Հայաստանյան տեսարանները նկարահանվել են իրական, աշխույժ մի գյուղում` ցույց տալու երկրի մշակույթն ու ոգին: Միացյալ նահանգների տեսարանները նկարահանվել են Սան Դիեգոյում: «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը պատմություն է Բիլ անունով ամերիկացի զբոսաշրջիկի եւ Հայաստանում նրա արկածների մասին:

«Ամեն մարդ դիտելով կհասկանա, որ մեր նպատակն էր նկարահանել մի կատակերգություն, որը հասկանալի կլինի բոլորին առանց տարիքային սահմանափակման: Մեր երազանքը կատարվեց»,- ասաց ֆիլմի համապրոդյուսեր Մարալ Ջերեջյանը:

«Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան դերասաններ Ջեմի Քեննեդին, Դեյվ Շերիդանը, Անժելա Սարաֆյանը, Մուրիսա Հարբան, ինչպես նաեւ Դավիթ Թովմասյանը, Վաչիկ Մանգասարյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը: Առաջիկայում բացառված չէ ֆիլմի մասնակցութունը տարբեր հեղինակավոր կինոփառատոներ:

Կիրակոսյանը թեեւ չհրապարակեց ֆիլմի բյուջեի չափը, սակայն նշեց, որ նկարահանումներին մեծապես աջակցել են տարբեր անհատներ Հայաստանից:

«Կորած- մոլորվածը Հայաստանում» ֆիլմով Ամերիկայում կբացվի «Արփա» փառատոնը: Այն կներկայացվի Ռուսաստանի մի շարք քաղաքներում եւս:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում