Սիրիայում պայթյունների հետեւանքով անմեղ քաղաքացիներ են տուժել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում զինյալների կողմից կազմակերպված պայթյունի հետեւանքով մեկ քաղաքացի զոհվել է, եւս տասը վիրավորվել, այդ թվում` կանայք:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ պայթուցիկ սարքավորումը տեղադրված է եղել ուղեւորատար ավտոբուսում, որը Դամասկոսի կենտրոնից ուղեւորվում էր դեպի Ուրուդ թաղամաս:
Զինյալները մեկ այլ պայթյուն իրականացրել են Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող Հասաքե քաղաքում: Պայթուցիկ սարքավորումը տեղադրվել է Հասաքեի կենտրոնական բանկի առջեւ, որի հետեւանքով մեկ երեխա զոհվել է, իսկ նրա մայրը վիրավորվել:
Հերթական պայթյունը տեղի է ունեցել Իդլեբ տանող ճանապարհին: Երկու պայթյունները տեղի են ունեցել մարդաշատ երթեւեկության ժամանակ: Բարեբախտաբար տուժածներ չկան: Տեղի ունեցած պայթյուններից միայն մեքենաներ են վնասվել:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին Սիրիայի տարածքում, մասնավորապես` Դամասկոսում եւ շրջակա գյուղերում եւ Հալեպում զոհվել է 100 մարդ:
Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 37 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: