Միջազգային

Հալեպում հանդարտ է, բայց պայքարը զինյալների դեմ թեժացել է թուրք-սիրիական սահմանին. Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

Հալեպում հանդարտ է, բայց պայքարը զինյալների դեմ թեժացել է թուրք-սիրիական սահմանին. Ռեյիսյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի որոշ թաղամասերում բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ թեպետշարունակվում են, սակայն հայաշատ թաղամասերում իրավիճակը հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հալեպում տիրող լարված իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, զգալիորեն քչացել են պայթյունները եւ կրակոցները:Ռեյիսյանի խոսքով` պայքարը զինյալների դեմ թեժացել է առավելապես թուրք-սիրիական սահմանին, մասնավորապես` Ռաս ալ Այն քաղաքում, որտեղ կառավարական ուժերը փորձում են հետ մղել զինված խմբավորումներին:

Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ արդեն երրորդ օրն է սիրիական ռազմական օդանավերը ռմբակոծում են Ռաս ալ Այն քաղաքը` փորձելով վերահսկողություն հաստատել այնտեղ:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Դամասկոս-Հալեպ տանող ճանապարհին զինյալները հարձակվել են երեք բեռնատար մեքենաների վրա, ծեծել են վարորդներին, ապա թալանել մեքենաները: Հայտնի է, որ բեռնատարների մեջ 15 տոննա տարողությամբ մարդասիրական օգնություն է եղել. սնունդ, դեղորայք եւ այլ ապրանքներ: Բեռնատարներից երկուսն ուղեւորվում էր Հալեպ, իսկ երրորդը` Իդլեբ:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում