ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ դաշնակահար Յան Լիշեցկու եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում նոյեմբերի 17-ին: Կանադացի 17-ամյա դաշնակահարն առաջին անգամ է համերգ ունենալու Հայաստանում: Պատանի դաշնակահարը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է աշխարհի տարբեր համերգասրահներում 100-ից ավելիհամերգներ ունենալ: Լիշեցկին դասական ոճում հանդես եկող դաշնակահար է: Նա դաշնամուր է ուսանել հինգ տարեկանից Mount Royal University կոնսերվատորիայում: «Արմենպրես»-ի թղթակիցը համերգից հաշված օրեր առաջ բազմաթիվ հեղինակավոր մրցանակաբաշխությունների դափնեկրի հետ զրուցել է առաջիկա համերգի եւ իր ստեղծագործական գործունեության մասին:
-Քո դեբյուտը նվագախումբ ինը տարեկանում է եղել, բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունների հաղթող ես, ինչո՞ւ ընտրեցիր հենց դասական երաժշտությունը որպես մասնագիտություն:
-Դասական երաժշտութունը երաժշտության ամենամաքուր, պարզ տեսակն է եւ կարծես ստեղծված է լեզվի նման: Այն հնարավորություն է տալիս մեզ հաղորդակցվելու առանց խոսքերի, զգացմունքների եւ մտքերի: Հետո ունկնդիրներից որեւէ մեկը կարող է թարգմանել այդ զգացողությունները` ստեղծելով իր սեփական պատմությունը:
-Շատ երիտասարդներ սիրում են լսել միայն ժամանակակից երաժշտություն: Արդյո՞ք Կանադայում երիտասարդները դասական երաժշտության սիրահար են, ի՞նչ ես կարծում այս մասին:
-Կարծում եմ, որ ամբողջ աշխարհում երիտասարդները տարված են ժամանակակից երաժշտությամբ: Ինչեւէ դա չի նշանակում, որ նրանք չեն լսում նաեւ դասական երաժշտություն: Ես ինքս հպարտության զգացում եմ ապրում, երբ շատ երիտասարդներ գալիս են իմ համերգներին: Սա իսկապես կարեւոր է ինձ համար, եւ ես փորձում եմ անել այն ամենը ինչ հնարավոր է` նախաձեռնելով համերգնել դպրոցներում կամ հատուկ համերգներ երեխաների համար, իմ սերնդակիցներին հետաքրքրելու համար:
-Երեւանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կայանալիք համերգը քո առաջին համերգն է: Ի՞նչ տպավորություններ ունես համերգից առաջ:
-Անհամբերությամբ սպասում էի իմ Հայաստան գալուն: Մեծ ցանկություն ունեմ նոր երկիր, նոր քաղաք տեսնելու, նոր մարդկանց եւ մշակույթի հետ հաղորդակցվելու: Ես միշտ փորձել եմ այցելել տարբեր երկրներ իմ համերգային շրջագայությունների ընթացքում եւ շատ ուրախ եմ, որ այս անգամ այդ երկիրը հենց Հայաստանն է: Ես կարդացել եւ լսել եմ, որ ձեր երկիրը շատ գեղեցիկ եւ յուրահատուկ է: Իհարկե, լսել եմ նաեւ ձեր բազմաթիվ հանրահայտ երաժշիտների մասին:
-Կա՞ երաժիշտ, ում ամենից շատ ես երկրպագում:
-Ես միայն մեկ սիրելի երաժիշտ չունեմ, իրականում սիրում եմ մի քանի արտիստների: Ոգեւորված եմ մի շարք արտիստների ընթացիկ եւ անցյալ ստեղծագործական գործունեությամբ եւ խոսքը միայն դաշնակահարների մասին չէ:
-Բացի դասական երաժշտությունից, ի՞նչ ոճերի երաժշտություն ես լսում:
-Ես սիրում եմ ջազ եւ անտարբեր չեմ անգլիական Pink Floyd ռոք խմբի հանդեպ:
-Երիտասարդ ես եւ միաժամանակ շատ տաղանդավոր, մեծ հաջողությունների ես հասել, ամենից շատ ինչի՞ մասին ես երազում:
-Դժվար է ասել, որովհետեւ ես չունեմ երազանքներ իրենց «ավանդական» նշանակությամբ: Ես իրականում մի մարդ եմ, ով սիրում է իր կյանքի ամեն մի օրը եւ հատկապես այն, ինչ կատարվում է հենց այդ օրվա ընթացում: Ես կարող եմ ասել քեզ, որ Հայաստան իմ այցելությունն այն է, ինչի մասին խոսել եմ վերջին մեկ շաբաթվա ընթացքում:
-BBC-ի երաժշտական ամսագիրը քեզ բնորոշել է որպես «ամենակայացած» երիտասարդ տարիքի դաշնակահար, ինչպե՞ս ինքդ կբնորոշես քեզ:
-Ես ինձ կբնորոշեմ որպես շատ երջանիկ, հաջողակ եւ աշխատասեր երիտասարդ անձնավորություն (ժպտում է):
Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի