Հայաստանն Ուրուգվայի համար կարեւոր ռազմավարական գործընկեր է. Խորխե Օռիկո
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը նոյեմբերի 13-ին հյուրընկալեց Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օռիկոն ընդգծեց, որ Ուրուգվայն առաջին պետությունն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ օրենքի ուժ տվել նրան: «Ուրուգվայում անգամ գործում է Հայոց ցեղասպանության թանգարան, եւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին այն դառնում է Ցեղասպանության զոհերի հիշատակման սրբավայր»,- ասացՕռիկոն:
Ներկայացուցիչների պալատի նախագահը նկատեց, որ իրենք «Հայաստանի մի կտորն են»: «Ուրուգվայը մշտապես մարդու իրավունքների պաշտպանն է հանդիսացել: Մեզ նյարդայնացնում է, որ երկար ժամանակ է՝ Հայոց ցեղասպանությունը մեկընդմիշտ չի ընդունվում»,- նշեց նա` մեջբերելով դոնկիխոտյան արտահայտությունը` «ազատությունն այն մեծ արժեքն է, որ տրվել է մարդկությանը»:Օռիկոն հայտնեց, որ վերջին տարիներին իրենց տնտեսությունն աճում է` գերազանցելով անգամ ԱՄՆ տնտեսության միջին մակարդակը: Ավելի քան 120 գործընկեր-պետությունների մեջ Օռիկոն առանձնացրեց Հայաստանն իբրեւ կարեւոր ռազմավարական գործընկեր:
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 12-ի երեկոյան` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով: Օռիկոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1965 թվականին: