Դամասկոսի մոտակայքում գտվող Հարասթա բնակավայրը մաքրվել է զինյալներից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը Հալեպի եւ Իդլեբի, ինչպես նաեւ Դամասկոսի արվարձաններում հայտնաբերել են զինյալների թաքստոցներ եւ ոչնչացրել դրանք: Դամասկոսի Թադամուն թաղամասում զինյալները մեծ կորուստներ են կրել, առգրավվել են նրանց զենքերը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Դամասկոսի մոտակայքում գտնվող Հարասթա բնակավայրի բոլոր թաղամասերն այժմ գտնվում են կառավարական ուժերի վերահսկողության տակ: Մեծ թվով զինյալներ ոչնչացնելուց հետո նրանք Հարասթան հայտարարել են ազատ եւ անվտանգ տարածք, ապա կոչ են արել բնակիչներին վերադառնալ իրենց կացարանները:
Մեծ թվով զինյալներ են ոչնչացվել նաեւ Հալեպի տարբեր շրջաններում, Իդլեբում, Դեր Զորում եւ Հոմսում:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացում է, որ նոյեմբերի 12-ին Սիրիայի տարածքում զոհվել է 109 մարդ, մասնավորապես` Դամասկոսի գյուղերում եւ Հասաքեում: Ակտիվիստները նշել են, որ կառավարական ուժերը ռմբակոծել են Հոմսի Ռասթան քաղաքը:
Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Մաարաթ ան Նուման քաղաքի Դամասկոս- Հալեպ մայրուղու վրա «Ջաբահաթ ան Նուսրա» խմբավորման անդամների հետ արյունալի բախումներից հետո: