Միջազգային

Էրդողանին թվում է ինքն Օսմանյան կայսրության նոր սուլթանն է. Բաշար Ասադը հարցազրույց է տվել Russia Today-ին

4 րոպեի ընթերցում

Էրդողանին թվում է ինքն Օսմանյան կայսրության նոր սուլթանն է. Բաշար Ասադը  հարցազրույց է տվել Russia Today-ին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Russia Today-ին տված հարցազրույցում ասել է, որ Սիրիայի թշնամիներն ահաբեկիչներն են, ովքեր ապակայունացնում են երկիրը: Նախագահ Ասադը նշել է, որ խնդիրը ոչ թե իշխանությունից իր հեռանալու կամ մնալու, այլ երկիրն անվտանգ կամ վտանգավոր վիճակում լինելու մեջ է: «Ահա թե ինչի դեմ են պայքարում սիրիացիները»,-ասել է նա:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով arabic.rt.comկայքը,Ասադը նաեւ նշել է, որ իր իշխանության գլուխ մնալու հարցը ժողովրդի կամքն է, եւ դա պարզելու միակ ճանապարհը քվեարկությունն է:

Այն հարցին, արդյո՞ք Ասադը կարող է վերջ դնել պայքարին եւ Սիրիայում խաղաղություն վերականգնել, նախագահը պատասխանել է, որ ինքը պարտավոր է լինել այդ մարդը եւ հուսով է, որ կարող է անել դա: Սիրիայի առաջնորդն ավելացրել է նաեւ, որ դա ոչ միայն նախագահից է կախված, այլեւ ամբողջ հասարակությունից: «Նախագահը ոչինչ չի կարող անել առանց ժողովրդի աջակցության: Պայքարը նախագահի պայքար չէ, այլ ժողովրդի: Բոլոր սիրիացիներն այժմ մասնակցում են իրենց երկրի պաշտպանությանը»,-ասել է նախագահ Ասադը:

Սիրիայի ղեկավարի խոսքով` իր երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ չէ. խնդիրն ահաբեկիչների եւ նրանց արտասահամանից օժանդակողների մեջ է, որն ուղղված է Սիրիայի կայունացման դեմ: «Որեւէ խնդիր չկա իմ եւ ժողովրդի միջեւ: Եթե ժողովուրդը եւ աշխարհի մեծ մասն իմ դեմ լիներ, ապա ես ինչպես կարող էի մնալ իշխանության գլուխ»,-նշել է նա:

Բաշար ալ Ասադն ընդգծել է նաեւ, որ եթե այս պահին լիներ 2011թվականի մարտի 15-ը, ապա ամեն ինչ կաներ ճիշտ այնպես, ինչպես արել է 2011թվականի մարտի 15-ին:

Անդրադառնալով թուրք-սիրիական հավանական պատերզամի սկսմանը` Սիրիայի նախագահը նշել է, որ թուրքերի մեծամասնությունը չի ցանկանում այդ պատերազմը, իսկ պատերազմը սկսվում է ժողովրդի աջակությամբ: Նույնը կարելի է ասել սիրիացիների մասին, քանի որ երկու երկրների ժողովուրդների միջեւ տարաձայնություններ չկան, խնդիրը երկու պետությունների կառավարությունների եւ պաշտոնյաների միջեւ է:«Անհավանական եմ համարում Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ պատերազմի սկսումը»,- հայտարարել է Ասադը:

Այն հարցին, Թուրքիայի սահմանների ռմբակոծությունը կատարվում է կառավարակա՞ն, թե՞ ընդդիմադիր ուժերի կողմից, Ասադը պատասխանել է, որ հարցի պատասխանը ստանալու համար պետք է համատեղ հետազոտություն անցկացնել եւ ավելացրել, որ Թուրքիան հրաժարվել է նման առաջարկից: Նա չի բացառել նաեւ, որ այդ ամենը կարող են անել ահաբեկիչները, քանի որ օժտված են անհրաժեշտ զենքերով:«Սիրիական բանակը որեւէ հրահանգ չի ստացել ռմբակոծելու թուրքական սահմանները, դա մեր շահերից չի բխում: Էրդողանը կարծում է, որ Մուսուլման եղբայրները տարածաշրջանում, հատկապես Սիրիայում, առաջատար դիրք ունենալուց հետո կկարողանա օգուտ քաղել դրանից»,- նշել է Ասադն` ավելացնելով, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը կարծում է, թե ինքն Օսմանյան կայսրության նոր սուլթանն է եւ կարող է տիրապետություն հաստատել ամբողջ տարածաշրջանի վրա, ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում