ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Մզզե թաղամասում նոյեմբերի 7-ի առավոտյան կրկին պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ նախնական տեղեկություններով երեք մարդ է զոհվել, այդ թվում` մեկ կին, իսկ վիրավորների թիվը յոթն է:Ռումբի պայթյունից վնասվել է բնակելի շինություն, մեկ այլ ռումբ էլ ընկել է ուղեւորատար ավտոբուսի վրա:
Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ նոյեմբերի 7-ի առավոտյան մի քանի օր հանդարտ իրավիճակը խախտել են օդային ռմբակոծությունները:
Նոյեմբերի 6-ին Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով լուրջ վնասներ է կրել Արաբ ավետարանական երիցական եկեղեցին, որը գտնվում է Ջադիդե թաղամասի մոտակայքում:
Վերջին մի քանի օրերին Հալեպի հայկական եւ քրիստոնեական թաղամասերում իրավիճակը փոքր-ինչ հանտարտ էր:
Սիրիայում ավելի քան 19 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: