ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի ծայրամասային թաղամասերում բախումները դեռ շարունակվում են, սակայն կենտրոնական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ անորոշ իրավիճակը շարունակվում է, եւ անակնկալներ միշտ էլ սպասելի են:Ինչ վերաբերում է Բեյրութից- Հալեպ տանող ճանապարհին առեւանգված հայերին, ապա նրանց մասին դեռեւս հստակ տեղեկություններ չկան:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինյալները Յարմուք ճամբարում հարձակվել են մարդատար ավոտբուսի վրա եւ սպանել հինգ խաղաղ քաղաքացիների, այդ թվում` երեք երեխաների:Զինված ուժերը կանխել են Քաֆր Համրա եւ Լիրմուն գյուղերից զինված խմբավորման ներթափանցելը Հալեպ քաղաք: Տեղի ունեցած բախումների հետեւանքով զինյալների թվում զոհեր եւ վիրավորներ կան:
Սիրիայում շուրջ 19 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր: