Հասարակական

Պետությունը մեծապես աջակում է Հայ առաքելական եկեղեցու սփյուռքի թեմերի գործունեությանը. Գարեգին Բ

3 րոպեի ընթերցում

Պետությունը մեծապես աջակում է Հայ առաքելական եկեղեցու սփյուռքի թեմերի գործունեությանը. Գարեգին Բ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Թեմական ներկայացուցչական ժողովի նոյեմբերի 3-ի նիստին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերի, որին ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նիստին ՀՀ նախագահի ներկայությունը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոսելով եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին` Վեհափառ Հայրապետը նշել է. «Այս բարեպատեհ առիթով Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր գլխավորությամբ հայրենի իշխանություններին մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանն աջակցելու, ըստ ամենայնի եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը զորակցելու և շարունակական ուշադրության ու սատարումի համար, որ ցուցաբերում է հայրենի պետությունը` հանուն մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և շինության: Գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես աջակից է նաև Սփյուռքի մեր թեմերի գործունեությանը` հատկապես դիվանագիտական ծառայությունների աշխատակիցների միջոցով, ովքեր իրենց կարևոր առաքելությանը զուգահեռ բարի գործակցությամբ մեծապես սատար են լինում թեմերի հոգևոր-եկեղեցական առաքելությանը»:

Անդրադառնալով ժողովին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ Թեմական ներկայացուցչական ժողովը համաեկեղեցական իր ընդգրկվածությամբ բարի արդյունքներ արձանագրելով` անպատճառ կծառայի հայ ժողովրդի ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը: Վերջում Նորին Սրբությունը իր բարեմաղթանքը և օրհնությունն է բերել ՀՀ նախագահին` հայցելով, որ Աստծու ամենախնամ Սուրբ Աջը մշտապես հովանի լինի մեր Հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին:

Իր խոսքում ՀՀ նախագահն ի մասնավորի խոսել է նաև սիրիահայության խնդիրների մասին` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և ընդգծելով, որ այս առնչությամբ անելիքներ ունեն ամենքը` և՛ Եկեղեցին, և՛ պետությունը, և՛ Սփյուռքի համայնքները:

Նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև ժողովականների հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում