ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մոտակայքում գտնվող հայաշատ Ջարամանայում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է հայազգի Մայք Քալայջյանի կինը` Ռանա Սալհաբը, ով քրիստոնյա արաբ էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Դամասկոսի մեր հայրենակիցները:
Տեղեկությունների համաձայն` պայթյունի հետեւանքով Ռանիա անունով եւս մեկ կին է զոհվել: Վերջինս նույնպես քրիստոնյա արաբ էր, ամուսնացած էր հայ տղամարդու հետ եւ աշխատում էր Սուրբ Թարգմանչաց հայկական դպրոցում:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ պայթյունից վիրավորված Անուշ Աբովյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց եւ, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունենալով, արդեն իսկ դուրս է գրվել հիվանդանոցից:
Սիրիական ՍԱՆԱ գործակալութունը տեղեկացրել է, որ զինված խմբավորումները շարունակում են խախտել Այդ ալ Ադհա տոնի կապակցությամբ հայտարարված զինադադարի պայմանավորվածությունը:Ջարամանայի Ռաուդա թաղամասում ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է 6, վիրավորվել` ավելի քան 50 մարդ: Վնասվել են ավելի քան 20 մեքենաներ եւ 15-ից ավելի առեւտրային կենտրոններ:
Արդեն հայտնի է, որ տուժածների մեծամասնությունը արաբ քրիստոնյաներ եւ հայեր են:
Ջարամանայի բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ, այդ թվում նաեւ հայեր են`ավելի քան 400 հայ ընտանիք: