ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող հայաշատ Ջարամանա շրջանի Ռաուդա թաղամասում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դամասկոսի մեր հայրենակիցները, պայթյունի հետեւանքով երիտասարդ հայ կին է վիրավորվել: Արդեն հայտնի է, որ Անուշ Աբովյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց եւ, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունենալով, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Տեղեկություններ կան, որ տուժածների թվում եւս մեկ հայ կա, ում ինքնությունը դեռեւս չի պարզվել:
Սիրիական ՍԱՆԱ գործակալութունը տեղեկացրել է, որ զինված խմբավորումները շարունակում են խախտել Այդ ալ Ադհա տոնի կապակցությամբ հայտարարված զինադադարի պայմանավորվածությունը:Ջարամանայում հոկտեմբերի 29-ինականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով, նախնական տեղեկություններով` 6 մարդ զոհվել է եւ վիրավորվել է ավելի քան 50 մարդ: Վնասվել են ավելի քան 20 մեքենաներ եւ 15-ից ավելի առեւտրային կենտրոններ:
Ջարամանայի բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ, այդ թվում նաեւ հայեր են`ավելի քան 400 հայ ընտանիք:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր: